«Խայտառակություն է, երբ ոստիկանը, հաղթանդամ տղամարդը երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում, սա կորոնավիրուսի դեմ պայքա՞ր է». Ոստիկանության գնդապետ

Ըստ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի, ամբողջ կյանքում պայքարել է ոստիկանության հեղինակության համար, սակայն այսօր շատ դեպքերում ուղղակի ամաչում է։

«Խայտառակություն է, երբ ոստիկանը, հաղթանդամ տղամարդը երիտասարդ կանանց, աղջիկների ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին, քանի որ դիմակ չեն կրել, սա կորոնավիրուսի դեմ պայքա՞ր է։ Կան իրավիճակներ, երբ ծառայողական պարտականությունների մեջ կարելի է մի փոքր թերանալ, բայց թույլ չտալ բարոյական սխալներ։ Ես չեմ հասկանում, այդ ոստիկանը, որը տուն է գնում, ի՞նչ խղճով է հաց ուտում, ի՞նչ խղճով է նայում իր երեխաներին, երբ մի երեխայի երիտասարդ մորը ենթարկում է տուգանքի դիմակ չկրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սայաթ Շիրինյանը։

Անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ հուլիսյան այդ դեպքերը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը, Սայաթ Շիրինյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանը հետաքրքիր հումոր ունի։

«Այս ամենը շատ զավեշտալի է, ասեմ, որ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ դեպքերը համակարգելու հետ կապված որևէ մասնակցություն չի ունեցել։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները որ գերատեսչությունում փորձում են որևէ ակտիվություն ցուցաբերել, այդ գերատեսչության աշխատանքները կա՛մ կազմալուծվում են,  կա՛մ ամբողջությամբ կազմաքանդվել են։ Փառք ու պատիվ մեր բանակին՝ սպայակազմից մինչև զինվորներ, որ կարողացան օպերատիվ արձագանքել՝ ևս մեկ անգամ ապացուցել, որ հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է»,- շեշտեց Սայաթ Շիրինյանը։

Անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, Սայաթ Շիրինյանը նշեց, որ Քոչարյանն իր հարցազրույցում հստակ նշեց, որ Հայաստանում իշխանությունը զավթված է։

«Հիմա որպեսզի հասկանանք, թե ովքեր են զավթել իշխանությունը, պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր արձագանքեցին Քոչարյանի հարցազրույցին։ Ինչպես կասեր դասականը՝ մի շարք շնաբարո դուրսպրծուկներ, սորոսածին վիժվածքներ և Տեր-Պետրոսյան Լևոնի ախոռում կապված կենդանիներ։ Ես ստիպված եմ անդրադառնալու դրանցից մի քանիսին, քանի որ նրանք այս ամենը տեղափոխեցին անձնական դաշտ։ Արամ Զավենի Սարգսյանը, որն իր էությամբ ՀՀ-ի համար բացարձակապես ոչինչ չի արել, 20 տարի այս պղպջակն իրեն համարում է քաղաքական գործիչ և սրա-նրա վրա ցեխ է շպրտում։ Գիտե՞ք՝ նրան ինչու է հայ հասարակությունը մինչև օրս հանդուրժում, քանի որ նրա եղբոր հիշատակի առջև հարգանք ունեն։ Ուրեմն շատերը չգիտեն՝ սրբապիղծ Բաբաջանյան Արմանը երեխաներ է որդեգրում, որպեսզի խուսափի զինվորական ծառայությունից, երբ ամեն ինչ բացահայտվում է, նա իր մոր դեմ ցուցմունք է տալիս, թե ինքը տեղյակ չէ, և մայրն է արել։ Եթե այսքանից հետո ինչ-որ մեկն իրեն կհամարի Արման Բաբաջանյանի և Արմեն Զավենի Սարգսյանի թիմակիցը, բան չունեմ ասելու՝ մի անթասիբն էլ իրենք են»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս