«Պետք է հաշվի առնել Տավուշում իրադարձությունների ֆոնը, բացի դրանից՝ Թուրքիայի շատ ագրեսիվ հայտարարությունները». Կարեն Վրթանեսյան
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել էին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը լայնամասշտաբ զորավարժության մասին, որը ներառելու է նաև Նախիջևանի տարածքը: Նախիջևանում դրանք կանցկացվեն օգոստոսի 1-5-ը:
Թեև Ադրբեջանը և Թուրքիան նախկինում ևս նման ձևաչափով պարբերաբար անցկացրել են համատեղ վարժանքներ, այդուհանդերձ, տավուշյան ռազմական գործողություններից հետո զորավարժությունը դիտվում է նոր լույսի տակ:
Մի քանի փորձագետներ նույնիսկ պնդում են, որ այս զորավարժությունները տարբերվում են մինչ այս եղած զորավարժություններից՝ հաշվի առնելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողությունները:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով, սակայն, տեղի ունեցողը բացառիկ բան չէ. 168.am–ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Անցյալ տարի էլ են նման զորավարժություններ եղել, մինչ այդ էլ են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ եղել, ընդ որում, նաև Նախիջևանում: Այլ հարց է, որ այստեղ պետք է հաշվի առնել, այո՛, և Տավուշում իրադարձությունների ֆոնը, բացի դրանից՝ Թուրքիայի շատ ագրեսիվ հայտարարությունները: Բայց, օրինակ, անցյալ տարի էլ ակնհայտորեն այնպիսի ուղերձ կար, որ այդ զորավարժություններն ուղղված են Հայաստանի դեմ, ընդ որում՝ նման ուղերձ կար նաև Թուրքիայի կողմից՝ ոչ միայն Ադրբեջանի՝ ընդհուպ մինչև այն, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Նախիջևանի ղեկավարը, Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարը նկարվում էին Արարատի ֆոնին, թուրք-ադրբեջանական դրոշներով, զորքի հետ և այլն»:
Մեր խնդրանքով անդրադառնալով այս շրջանում սրվող տեղեկատվական անվտանգության խնդիրներին՝ փորձագետը հասարակությանը խորհուրդ տվեց չհավատալ ու չտարածել թուրքական և ադրբեջանական կայքերի տեղեկատվությանը, նաև անծանոթ կայքերին, որոնք սենսացիոն լուրեր են հրապարակում. «Ճիշտ կլինի՝ միանգամից չտրվել ինչ-որ կրքերի՝ ոգևորվել կամ, ընդհակառակը, ընկճվել ու այդ տեղեկությունները միանգամից սկսել տարածել»: