Շաբաթվա արտոնյալները՝ Կառավարության որոշումներով

Կառավարությունն այս շաբաթ հերթական հարկային արտոնություններն է տվել գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող մի շարք ընկերությունների. մանավորապես բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։

Ըստ ընկերության ներկայացրած ծրագրի՝ նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:

Ընկերությունում ներկայում առկա է 116 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 30 աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ պետք է իրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատվել է «Շարոսոլար» ՍՊԸ-ն, որի ներմուծած ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության՝ արևային կայանի կառուցման համար։

Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու ՀԷՑ ՓԲԸ-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա է տվել մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։

Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար, և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայում առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 28 մլն դրամ:

Հարկային արտոնություն ստացած հաջորդ ընկերությունը «Սաթենկար» ընկերությունն է, որը զբաղվում է տրիկոտաժե հագուստի արտադրությամբ, բայց թե որքան է կազմում ստացված հարկային արտոնությունը, կառավարության ընդունած նախագծում նշված չէ։

Կառավարությունը հարկային արտոնություն է տվել նաև դեղերի արտադրւթյամբ զբաղվող «Ֆարմատեք» ընկերությանը, որի ներկայացրած հայտում նշված է, որ 203 մլն դրամի չափով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ պետք է ձեռք բերվի՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար, և ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 3 նոր աշխատատեղ, իրականացվել 555 մլն ՀՀ դրամի ներդրում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ներդրումային ծրագրի շրջանակներում բավարարվել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին։

Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, ներմուծել է սարքավորումներ քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 483 մլն ՀՀ դրամ:

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել ներմուծել շուրջ 52 մլն դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ, ընկերությունում ստեղծվել է 28 նոր աշխատատեղ և իրականացվել 1, 860,000,000 ՀՀ դրամի ներդրում:

Տեսանյութեր

Լրահոս