Apple-ը հայտարարել է նոր iPhone-ների թողարկումը հետաձգելու մասին
Apple ընկերությունն այս տարի պլանավորում է նոր մոդելի iPhone-ները թողարկել սովորականից մի քանի շաբաթ ավելի ուշ: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Apple Inc.-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մայեսթրիին:
Անցյալ տարի ընկերությունը նոր մոդելի iPhone-ների շարքը ներկայացրել էր սեպտեմբերի 10-ին, սեպտեմբերի 20-ին գաջեթները հայտնվել են վաճառքում: Այդպիսով, կարծում է Bloomberg-ը, նոր iPhone-ները կհայտնվեն հոկտեմբերին, այլ ոչ թե սեպտեմբերին:
«Անցյալ տարի մենք նոր iPhone-ներն սկսել ենք վաճառել սեպտեմբերի վերջին, այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները հասանելի կլինեն մի քանի շաբաթ ավելի ուշ»,- The Verge-ը մեջբերում է Մայեսթրիի խոսքը: Հրատարակությունը նշում է, որ Apple-ում պաշտոնապես չեն բացատրում հետաձգման պատճառները, բայց 5G առաջին iPhone-ների հայտնվելու ժամկետների հնարավոր հետաձգման մասին լուրերը հայտնվել էին դեռ գարնանը: ԶԼՄ-ները դա բացատրել են այն խնդիրներով, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: