«Այսօր 2000 ընտանիք սոված կոտորվում է, ի՞նչ անենք, ասեք…». Ամուլսարի հարակից համայնքի բնակիչ
«Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցները և Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 30-ին, բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը հստակ պատասխան տա, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու Ամուլսարի ճակատագիրը, քանի որ 2 տարի է՝ այս անորոշությունը շարունակվում է, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զրկվել են օրվա եկամտից:
«Մենք կառավարության դեմ չենք պայքարում, կառավարությունում դրա մասին շատ լավ գիտեն, ընդամենը եկել ենք ասենք, որ այս 2000 հոգին, արդեն 2 տարի է՝ առանց աշխատանք են մնացել: Ամբողջ համայնքը սոված կոտորվում է հիմա: Տուրիստ չկա, բերք չկա, ամեն ինչ շատ վատ է իրականում: Եկել ենք ընդամենն ասենք՝ մեր աշխատանքի իրավունքը վերականգնեք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ էլ տեղ չի մնացել, որ այս հարցով դիմեն.
«Կառավարության մակարդակով, վարչապետի մակարդակով, փոխվարչապետի մակարդակով, նախարարությունների մակարդակով, մենք բոլորին դիմել ենք: 2 տարի լռել, սպասել ենք, բայց այսօր 2000 ընտանիք սոված կոտորվում է, ի՞նչ անենք, ասեք»:
Դիտարկմանը, որ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները դեմ են հանքի շահագործմանը, քանի որ այն կարող է վնասել առողջարանային քաղաքը, «Լիդիան»-ի նախկին աշխատակիցն ասաց.
«Բնակիչներն ովքե՞ր են, 1200 հոգու ստորագրություն եմ ես բերել, ինձ մի՛ ասեք, էլի, բնակիչներ, ախպոր պես, 15-20 հոգին ձեզ համար բնակի՞չ է: 2 տարի է՝ մենք ուզում ենք, որ այս հարցը լուծում ստանա»:
Լրագրողի հարցին՝ եթե իշխանությունների կողմից հարցին լուծում չլինի, որո՞նք են լինելու ցուցարարների հետագա քայլերը, ակցիայի մասնակիցը պատասխանեց.
«Ուզում եմ հասկանալ, ի՞նչ եք հասկանում՝ «եթե լուծում չլինի» ասելով: Մարդիկ 500 միլիոն փող են ներդրել, այսի՞նքն՝ լուծում չլինի, մարդը մարդուն 1000 դրամ փող է տալիս՝ գնում է դրա հետևից: Եկել են, երկրում փող են դրել, աշխատատեղ են ստեղծել, «Լիդիան»-ը ներդրում է բերել, աշխատատեղ է ստեղծել, որ մեր, ձեր, ոստիկանների աշխատավարձը տան, բայց 2 տարի է՝ ոչ մեկը չի ուզում մեզ հասկանա, լսի, ընդունի, որտեղ գնում ենք, ասում են՝ մի քիչ էլ սպասեք, մի ամիս էլ սպասեք…»:
«Լիդիան»-ի աշխատակիցներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները նամակ հանձնեցին կառավարությանը, այնուհետև ակցիան դադարեցրին՝ նշելով, որ կառավարությունից ակնկալում են դրական պատասխան: