Բաժիններ՝

Ոստիկաններն ու տեսչական մարմինը «Սպիտակ Շորժա»-ում են. վարչապետի խոսնակը՝ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ «փարթի»-ի մասին

Մամուլում տեսանյութ հրապարակվեց, որտեղ արձանագրված էր, որ Սևանի ափին գտնվող «Սպիտակ-Շորժա» հանգստյան գոտում երիտասարդները «փարթի» են անցկացնում, որին մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։  Այսօր առավոտյան 168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը փոխանցեց, որ մեր զրույցի պահին արդեն ոստիկանությունը և տեսչական մարմինը «Սպիտակ Շորժա»-ում են գտնվում և իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

«Արդյունքների մասին, կարծում եմ, հենց այսօր էլ կհրապարակեն՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է տեղի ունեցել, և այլն»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

Հարցին, թե կառավարությունից, պարետատնից անձամբ Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատե՞լ են, որպեսզի պարզեն հանգամանքներ, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ Հայկ Սարգսյանը պատգամավոր է, ենթադրում եմ, որ ձեր հարցը պետք է ուղղեք խմբակցությանը»:

Փորձեցինք կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, սակայն նա  անհասանելի էր, իսկ ԱԺ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը խնդրեց գրավոր դիմել. «Ես չեմ կարող նմանատիպ հարցի վերաբերյալ հեռախոսով մեկնաբանություն տալ, որովհետև այս պահին ինֆորմացիայի էլ չեմ տիրապետում, այսինքն, երբ հարցում լինի, համապատասխան ուսումնասիրության արդյունքում կպատասխանեմ»:

Փորձեցինք կապ հաստատել նաև հենց պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Ի դեպ՝ մամուլում հրապարակումներ կան, որ «Սպիտակ Շորժա» լողափը պատկանում է հենց Հայկ Սարգսյանին:

Նշենք, որ վերջին օրերին Սևանա լճի ափամերձ հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները, սակայն համացանցում հայտնված կադրերից պարզ է դառնում, որ «Սպիտակ Շորժա» լողափում նման վերահսկողություն չի եղել:

Հիշեցնենք, որ վերջերս էլ մամուլում հրապարակում եղավ, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասնակցությամբ է ռեստորաններից մեկում խնջույք տեղի ունեցել, որի վերաբերյալ ոստիկանությունը լրատվամիջոցներից  մեկին տված հարցազրույցում պարզաբանել էր, թե խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և, որ ընդունելության ողջ ընթացքում անվտանգության կանոնները խստորեն պահպանվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս