«Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են հայտերը 10 հատ, և ոչ թե՝ մեկ հատ». ուսանող

Համալսարանի ընդունելության քննություններից  դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Հայկ Բաբալյանն ընդունվել է համալսարան, սակայն 10-րդ հայտով, քանի որ իր նշած ֆակուլտետներից միայն այդտեղ է թափուր տեղ մնացել: Հայտը լրացրել է օնլայն, 10 բաժին է նշել, քանի որ չի իմացել, որ բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր չէ:

«Առաջին հայտով դիմել եմ իրավագիտություն, հավաքել եմ 15.75 բալ: Վերջին հայտով եմ ընդունվել՝ Հնագիտության ֆակուլտետ: Մնացած 9 բաժիններում տեղ չի եղել այնքանով, որ իրենք նշել են առաջին հայտով, ընդունվել են առաջին հայտով, թե չէ, եթե բալերի տեսանկյունից նայենք, երկրորդ հայտից սկսած, որը ես նշել եմ, ամենաքիչը 20 հոգուց բարձր եմ ստացել, տեղ կա՝ 30, 40 հոգուց բարձր եմ ստացել»,- ասաց Բաբալյանը:

Հարցին, թե տեղյակ չեն եղե՞լ, որ այս տարի գերակայությունը տրվելու է հենց առաջին հայտին, ուսանողը պատասխանեց, որ պատշաճ չի ներկայացվել:

«Նման մեծ փոփոխության դեպքում պետք է հավուր պատշաճի տեղեկացնել, իսկ ինչպես որ տեղեկացրել է նախարարությունը… տեղեկացրել է 3 տողի մեջ ինչ-որ թաքնված բառերի հետևում, չգիտեմ, մեկը կհասկանա, մեկը չի հասկանա: Համենայն դեպս, այդպես չեն ներկայացնում: Ասել են, որ գերակայությունը լինելու է առաջին հայտով, բայց չեն ասել, որ, եթե առաջին հայտով չես նստում, հնարավոր է՝ 18.75 ստանաս, ոչ մի հայտով չընդունվես: Ոչ մի համաչափություն չկա: Պաշտոնական տվյալներով՝ 739 հոգի հավաքել են բավարար և չեն ընդունվել ոչ մի տեղ: Դրանց կարող եք գումարել 300-500 հոգի, որոնք ընդունվել են, բայց չեն ընդունվել իրենց ուզած ֆակուլտետները: Համակարգն աշխատել է այնպես, որ նախապատվությունը տվել են հայտին, ոչ թե գիտելիքին»,- ասաց Բաբալյանը:

Երեկ ընդունելության քննություններից  դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները եղել են նաև ԳԹԿ-ում։

Կենտրոնի տնօրենը ասել է, որ կարգն այդպիսին է, քանի որ, եթե դիմորդն  ուզում է դառնալ, օրինակ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ապա պետք է մրցի միջազգային հարաբերությունների մասնագետ դառնալ ցանկացող այլ դիմորդների հետ: Հայկ Բաբալյանն այս պնդմանը հարցով է պատասխանում.

«Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են հայտերը 10 հատ, և ոչ թե՝ մեկ հատ: Մարդը նշում է 10 հայտ հերթականությամբ, ավելի շատ ուզում է դառնալ իրավաբան, հետո՝ միջազգային հարաբերությունների մասնագետ, հետո՝ քաղաքագետ, և այլն…»,- ասաց ուսանողը:

Տեսանյութեր

Լրահոս