«Ադրբեջանի ղեկավարությունը ֆրուստրացիայի մեջ է». Միքայել Զոլյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում ոչ կայուն հոգեվիճակի մեջ են:
«Ֆրուստրացիա հասկացություն կա հոգեբանության մեջ, երբ մի բան ուզում ես անել, չի ստացվում, ու դու ավելի ես սկսում բորբոքվել, այ հիմա Ադրբեջանի ղեկավարության մոտ այդ հոգեվիճակն է, ինչը ցավալի է: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգոն լինենք և ցանկացած ոչ տրամաբանական քայլերի պատրաստ լինենք, որպեսզի արձագանքենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը:
Հարցին՝ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևին կառուցողական էր համարում, իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ դա դիվանագիտական ժեստ է, Ալիևն ինչո՞ւ չընկալեց այդ դիվանագիտական ժեստը, նա պատասխանեց.
«Ընդհանրապես, դիվանագիտության մեջ, այո՛, տարածված է, որ ում հետ խնդիր ունես, նրան ոչ թե հայհոյում ես, այլ փորձում ես դիվանագիտորեն խոսել, և կարծում եմ, որ այն ժամանակ դա միանգամայն արդարացված էր: Եթե մենք հենց սկզբից սկսեինք ասել՝ Ալիևը այսպես, Ալիևը այնպես, կստացվեր, որ մենք ուղղակի խնդիր ունենք Ալիևի հետ: Մենք ցույց տվեցինք, որ ով էլ լինի Ադրբեջանի ղեկավարը՝ պատրաստ ենք խոսել: Բայց, ցավոք սրտի, այո՛, Ալիևի վարչակարգն ի վիճակի չեղավ գնահատելու այդ պատրաստակամությունը, և մասնավորապես այն հայտարարությունը, որը նորություն էր բանակցային գործընթացում, որ պետք է գտնվի այնպիսի լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, գոնե կարող էին դրան ինչ-որ ձևով արձագանքել, բայց անգամ դրան չարձագանքեցին: Երևի գիտեք՝ մարդիկ հաճախ, հատկապես՝ ավտորիտար պետություններում, դառնում են իրենք իրենց քարոզչության զոհը: Ադրբեջանի իշխանությունը, մասնավորապես՝ Ալիևի վարչակարգը, այնքան երկար էին թմբկահարում իրենց բանակի առավելությունները, որ՝ այսքան փող ենք ծախսել և հիմա կարող ենք լուծել ցանկացած հարց ռազմական ճանապարհով, որ իրենք սկսեցին դրան հավատալ»:
Շարունակելով հարցի պատասխանը՝ նա ասաց, որ, երբ լսում ես Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, տպավորություն է ստեղծվում, թե իրենք լավություն են անում, որ մասնակցում են խաղաղության գործընթացին.
«Մինչդեռ բոլորի համար պարզ է, որ, եթե Ադրբեջանն ի վիճակի լիներ ռազմական ճանապարհով հարցը լուծելու, վաղուց կփորձեին դա անել: Վերջին դեպքերից առաջ Ալիևն արդեն իր հայտարարություններում սկսել էր բոլորին մեղադրել, իսկ վերջին իրադարձություններից հետո արդեն իր ԱԳ նախարարին, դեսպաններին, տարբեր կազմակերպությունների իրենց ղեկավարներին. բոլորին մեղադրում է, բացի ինքն իրենից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում