Ճամբարակում տեղի ունեցավ սահմանում զոհված 20-ամյա Սմբատի հոգեհանգստի արարողությունը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այսօր տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսային հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի հոգեհանգստի արարողությունը, որի մարմինը զինվորականների ուղեկցությամբ բերեցին հայրենի գյուղ:

Համայնքի բնակիչների խոսքով՝ Սմբատը տան կրտսերն էր, իր ծնվելուց առաջ էլ ընտանիքը ևս մեկ զավակ է կորցրել:

«Սմբատին մենք ճանաչում ենք՝ որպես այս թաղամասի լավագույն երիտասարդ. շատ ցավալի է, որ նման երիտասարդ կորցրեցինք: Բոլորիս համար էլ ցավ է, բայց իր ծնողի համար՝ առավելևս, քանի որ տարիներ առաջ նույն ցավով կորցրեց ևս մեկ երիտասարդ որդի: Իրենից մեծն էր, նույն ձև գնդակով է գնացել, անմեղ տեղը վաշտից կրակել են, մահացել է, 13 տարեկան էր․․․ Վեց ամիս էր մնացել, որ Սմբատը զորացրվեր, բոլորս սգում ենք»,- ասացին համայնքի բնակիչները:

168.am-ը գյուղում հանդիպեց Սմբատի ընկերոջ տատիկին, որը հիշեց, թե արձակուրդ եկած ժամանակ որքան ուրախ էր Սմբատը, որքան շատ էր սիրում ծառայությունը.

«Երբ արձակուրդ էր եկել, մեր տուն էր եկել, շատ լավ էր խոսում, շատ լավ նվիրված մեր բանակին, ոչ մի բացասական բան չուներ: Աստված թող տեր լինի մեր բոլոր ջահելներին, թող սա լինի մեր վերջին զոհը»:

Ճամբարակի համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սմբատը համալսարան էր ընդունվել, ուսումը կիսատ էր թողել, մեկնել ծառայության.

«Ընդունվել էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է հայկական բանակ, սպասում էինք, որ հունվարին պետք է վերադառնար մեր զինվորը, բայց ավաղ այսօր իրեն դիմավորում ենք այլ ձևով, այլ տրամադրությամբ: Հպարտություն ենք զգում, որ ունենք Սմբատի նման երիտասարդներ, նա իր կարճ կյանքով ապացուցեց հայ լինելու տեսակը»:

Օհանյանի խոսքով՝ զոհված զինծառայողին վաղը հուղարկավորելու են զինվորական կարգով՝ հայրենի գյուղում:

Տեսանյութեր

Լրահոս