«Մեր բոլոր հաջողությունների հասցեատերերը հայ զինվորն ու սպան են և ՊՆ ղեկավարությունը». Վահե Եփրիկյան
«Այս օրերին, երբ բոլորիս ուշադրությունը սևեռված է սահմանին, հայ զինվորին, փորձում ենք միաբանման, բռունցքվելու, բոլորի ուժերը մեկտեղելու և հանուն Հայաստանի Հանրապետության գործելու կոչերով հանդես գալ, նվազեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, մինչդեռ հատկապես Ֆեյսբուքում նկատելի են, առանձին օգտատերերի, պսևդո-լրատվամիջոցների կողմից անընդհատ շրջանառվում են որոշակի նյութեր, տեսանյութեր այն մասին, որ նախկինում բանակը թալանվել է, հիմա չի թալանվում, նախկինում մեր գեներալները դիրքեր են վաճառել, համագործակցել են ադրբեջանցիների հետ: Սա շատ մտահոգիչ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:
Նա կարծում է, որ այդ հայտարարություններն արվում են հերթական անգամ հայ հասարակության մեջ սեպ խրելու, սևերի ու սպիտակների բաժանելու համար:
«Ես հետևում էի Եռաբլուրում վարչապետի կարդացած մահախոսականին Գարուշ Համբարձումյանի թաղման արարողության ժամանակ, և ինձ համար չափազանց ցավալի էր հետևել այդ տեքստին այն առումով, որ վարչապետը գեթ մեկ անգամ չհիշատակեց մեր թշնամու անունը, այն հանգամանքը, որ թշնամին տասնապատիկ ավելի տուժելու է իր սանձազերծած գործողությունների արդյունքում: Ըստ էության մինչ այժմ վարչապետը կոչով չի էլ ներկայացել հայ հանրությանը և նույնիսկ չի հրաժարվել իր «կիրթ» ու «կառուցողական» ձևակերպումներից Ադրբեջանի նախագահի ու ժողովրդի հասցեին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքների դիմաց, բայց ինքը չի տեսնում, որ վարչապետը ևս հետևում է այդ թեզին:
Խոսելով մարտական գործողությունների հետ կապված որոշումներ կայացնողների մասին, թե արդյո՞ք վարչապետն այժմ համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, Վահե Եփրիկյանն ասաց, որ օրենքով գոյություն ունի այն կարգավորումը, որ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը ստանում է բացառապես պատերազմական դրության ժամանակ:
«Հիմա, փառք Աստծո, մենք պատերազմական դրության մեջ չենք, հետևապես՝ Զինված ուժերի ղեկավարը պաշտպանության նախարարն է, գլխավոր շտաբի պետը, և վարչապետն այժմ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ չունի, նման լիազորություններից չի օգտվում: Հիմա փորձում են վարչապետին հասցեագրել մեր զինվորների հաջողությունները, մինչդեռ մեր բոլոր հաջողությունների միակ հասցեատերը հայ զինվորն է, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, և քաղաքական ղեկավարությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- նկատեց Վահե Եփրիկյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է հայաստանյան ԶԼՄ-ով հեռարձակվում, օրինակ, ադրբեջանցի սպանված զինվորի հուղարկավորությունը, նա պատասխանեց, որ դրա նպատակը կեղծ խաղաղասիրությունն է, մեր ուժերի ջլատումը, թշնամու ուժերին դիմագրավելու ոգին կոտրելը:
Մանրամասները՝ տեսանյութում