«Հակառակորդը նպատակ ունի թեստավորել, թե հայ-ռուսական հարաբերություններն ինչպես կդիմանան այս լարվածությանը». Ավետիք Չալաբյան
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս ուժի սպառնալիքով՝ անթաքույց վկայակոչելով իր, այսպես ասած, իրավունքը սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու, թեև մինչ այդ բազմից եռանախագահների կողմից հնչել է՝ այս հակամարտությունն ուժային լուծում չունի։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակամարտության 3 կողմերից մեկը երկուսին սպառնում է ուժի կիրառմամբ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի՝ Հայաստանի սահմանին սանձազերծած մարտական գործողություններին։
«Թեև հակառակորդի կողմից մինչև հիմա ուժի կիրառման բոլոր դեպքերը, ըստ էության, նույն հակառակորդի համար վերջացել են ֆիասկոյով, պարզապես հիմա վիճակը տարբերվում է նրանով, որ նկատվում է հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն։ Կարծում եմ, որ հակառակորդը գնալով այս սադրանքներին՝ հեռահար նպատակ ունի թեստավորել՝ հայ-ռուսական հարաբերություններն ինչպես կդիմանան այս լարվածությանը և ինչպես սրան կարձագանքի ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Հակառակորդը փորձարկում է, թե տարածաշրջանում հիմնական խաղացողներն ինչպես կարձագանքեն՝ կո՞շտ, չեզո՞ք, թե՞ խրախուսող։ Օրինակ՝ այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը, ընդհակառակը, խրախուսող էր, իսկ եթե հիշենք 2016 թվականը, ապա այն ժամանակ էլ հակառակորդի կողմից խնդիր էր դրված՝ ստուգել մնացած ներգրավված ուժային կենտրոնների արձագանքն ու դիրքորոշումը»,- ասաց Չալաբյանը։
Ըստ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադրի, թեև Ռուսաստանը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, և ակնկալում էր լսել ՀՀ-ին սատարող հայտարարություն և արձագանք, սակայն այն, ինչ հրապարակվեց, ավելի շատ չեզոք արձագանք է։
«Այդ հայտարարությունները ես ավելի շատ չեզոք կգնահատեի։ Իրականության մեջ, սակայն, պետք է հաշվի առնել հետևյալը, որը ՌԴ-ն որևէ շահ չունի, որ հակամարտությունը նորից սրվի, և կարծում եմ, որ ջանքերը գործադրելու է այն ուղղությամբ, որ սահմանին տեղի ունեցած միջադեպերը չվերածվեն լայնամասշտաբ բախումների»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է երեկվանից ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին ու ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի զարմանքը շարժած հարցադրմանն ադրբեջանցիների մոլորվելու մասին՝ Ավետիք Չալաբյանը նշեց.
«Պատերազմող երկրի ղեկավարը պետք է ամեն րոպե պատրաստ լինի պատերազմական գործողությունների սրացման և համապատասխան հռետորաբանություն և արձագանքի մեթոդոլոգիա ունենա։ Ժամանակն անցնում է՝ գուցե պարոն վարչապետը հասցնի իր սեփական հռետորաբանությունը համապատասխանեցնի իրավիճակի լրջությանը։ Մեր պես երկրում թիվ 1 պաշտոնյան միշտ կարիք ունի խորը ռազմական գիտելիքներ ունենալու»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում