«Կարծում եմ՝ մեր զինվորները հիմա քաջալերման և խրախուսման կարիք ունեն». ադրբեջանագետը՝ Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի կոչերի մասին
«Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի կոչն ավելի շատ ուղղված է միջազգային լսարանին, իսկ Մեհրիբան Ալիևայի արձագանքը՝ ներքին»,- ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի տիկնանց կոչերի ազդեցության մասին կարելի է խոսել միայն արդյունքի դեպքում: Նշենք, որ Աննա Հակոբյանը՝ խաղաղասիրական, իսկ Մեհրիբան Ալիևան, հակառակը՝ ռազմական կոչեր էր հնչեցրել:
«Եթե միջազգային հանրությունը շարունակում է բալանսավորված կոչեր անել երկու կողմին էլ, չմատնանշելով կոնկրետ Ադրբեջանի մեղքը, ապա արդյոք արդյունավե՞տ են այդ կոչերը: Մեհրիբանի դեպքում հստակ թիրախավորվում է ներքին լսարանը՝ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով, և մեծ հաշվով նրան մեկ է՝ ինչ կարծիք կկազմի միջազգային հանրությունը»,- ասաց Էլիբեգովան:
Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք այս շրջանում, երբ դեպքերը դեռ չեն ավարտվել, ու վտանգ կա, որ դրանք կարող են վերաճել լայնածավալ գործողությունների, հանդես գալ խաղաղասիրական կոչերով, ադրբեջանագետը պատասխանեց.
«Կարծում եմ՝ մեր զինվորները հիմա քաջալերման և խրախուսման կարիք ունեն»։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ադրբեջանի նախագահի կին, երկրի առաջին փոխնախագահ Իլհամ Ալիևան հանդես եկան կոչերով՝ կապված երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի լարված դրության հետ: Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու հորդոր էր հնչեցրել:
«Հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Կանայք, մայրերը և քույրերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով»,- գրել էր Աննա Հակոբյանը:
Մեհրիբան Ալիևան, հակառակը, Ինստագրամի իր էջում ռազմական կոչեր էր հնչեցրել, խոսել էր «օկուպացված» տարածքների մասին:
«Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է: Թշնամին հակահարված է ստացել և միշտ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, ավելի միասնական: Ես իմ խորը վիշտն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանական ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները, ուղարկի շուտափույթ ապաքինում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին և մեր ժողովրդին»,- գրված է Ալիևայի հրապարակման մեջ: