«Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ». Գարեգին Պետրոսյան

«Ակցիան, որը նախապատրաստվում էր և առավոտից պետք է իրականացվեր, որևէ կերպ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէ: Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ»,- ոստիկանության Մասիսի բաժանմունքի մոտ, ուր այս պահին գտնվում են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության որոշ անդամներ, ասաց «Ադեկվադի» անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գարեգին Պետրոսյանը:

Նա նշեց, որ դա ոչ մի կերպ չի կարող հավաք համարվել, որովհետև ընկերներով կարող են պայմանավորվել ու Ա կետից մեկնել Բ կետ:

«Դրա համար խայտառակ կերպով բերման են ենթարկել ու վարչական պատասխանատվություն փորձել կիրառել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Իրականում տղաները չէին կատարել ոստիկանի անօրինական պահանջը»,- ասաց Գարեգին Պետրոսյանը:

Միաբանության՝ ազատ արձակված համահիմնադիր Արթուր Դանիելյանն էլ ասաց, որ դժվարանում է հասկանալ՝ որն է իրեն բերման ենթարկելու իրական պատճառը:

«Բաժնում արձանագրություն կազմելիս ոստիկանները պնդեցին, որ ես մասնակցել եմ ինչ-որ հավաքի, չեմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և խախտել եմ պարետի որոշում, սակայն, ըստ էության, երբ մենք դուրս եկանք ու փորձեցինք ուղևորվել Երևան, մայրուղու վրա տեսնելով ծեծուջարդը ոստիկանների կողմից, իջա ու տեսա, որ թիրախում Մալյան Նարեկն է, այդ պահին անմիջապես ձեռքերս ոլորեցին ու քարշ տալով բերման ենթարկեցին»,- ասաց Արթուր Դանիելյանը՝ նշելով, որ իր կողմից բերման ենթարկվելիս թե առաջին և թե երկրորդ դեպքում դիմադրություն չի եղել: Դիմադրություն չի տեսել նաև իր ընկերների կողմից, և Արթուր Դանիելյանը տարակուսում է, թե այդ բռնի ուժ կիրառելու իմաստը ո՞րն էր:

«Ադեկվադ» միաբանության ղեկավարի խոսքով՝ անձանց բերման էին ենթարկում թիրախային:

«Ասենք՝ Նարեկ Մալյանի մուտք գործեր Երևան, խնդիրը ո՞րն էր: Ասենք՝ ես կլինեի նրա հետ, ինձ հետ կլիներ մի հարյուր մարդ, Նարեկի հետ էլ՝ 200 հոգի, ո՞րն էր խնդիրը, որ թույլ չտվեցին 300 հոգի մտնի Երևան»,- նկատեց Արթուր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այս գործողությունների իմաստը ոստիկանների համար նեղ անձնական, կարիերիստական է, սակայն քաղաքական տրամաբանություն այստեղ առհասարակ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս