«Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք». Բագրատ Սրբազան
«Որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի»,- Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամեջից կատարած ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը:
Վերջինին ուղեկցում էին այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մենք հիմա գտնվում ենք Մովսես գյուղում: Կյանքը բնականոն հունի մեջ է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով և մեծապես շնորհիվ մեր փառապանծ հայոց բանակի, որն ապահովում է մեր ու մեր գյուղերի անդորրը: Մենք կերտել ենք հաղթական բանակ, որը հաղթական է լինելու մինչև վերջ»,-ասաց Տավուշի մարզպետը:
Բագրատ Սրբազանը նույնպես հավաստեց, որ Մովսեսում տագնապ ու վախ չկա, ու մովսեսցին պատրաստ է մեր բանակի, սպաների ու զինվորների հետ միասին դիմագրավել ցանկացած հարձակման:
Բագրատ Գալստանյանը նաև խնդրանքով դիմեց թիկունքում գտնվող հայ ժողովրդին:
«Անկախ նրանից, քաղաքական ինչ կողմնորոշում ունեք, բոլորդ էլ հարգելի եք: Շատ եմ խնդրում ձեզ գոնե այս վայրկյանին մարդկանց ո՛չ թիրախավորեք, ո՛չ անվանարկեք, ո՛չ որևէ կերպ փորձեք ցեխ շպրտել: Սա ավելի է անհանգստացնում մեզ, քան դիմացում գտնվող հակառակորդը: Մենք միասին ենք այս իրավիճակում գտնվում: Կորուստներն էլ են մերը, ձեռքբերումներն էլ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը: