«Ձեր մեռելը կթաղե՞ք սատկած շան կողքը». Վեդիի բնակիչը՝ պատկան մարմիններին

Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչներն այսօր՝ հուլիսի 11-ին, բողոքի ակցիա են իրականացրել քաղաքից դեպի իրենց այգիներ տանող ճանապարհի հատվածում, որն արդեն մի քանի տարի է՝ ծառայում է որպես աղբավայր: Բնակիչներից Ավետիս Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն կարող հանդուրժել նման վիճակը:

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն ճանապարհի հատվածի հետ է կապված, որի պատճառով, ի դեպ, իրենք շատ են տուժել, քանի որ գնորդները ճանապարհի անմխիթար լինելու պատճառով չեն գնում իրենց այգիներ, որպեսզի միրգ գնեն, այլև այն, որ աղբը հասել է գերեզմանատանը:

«Ամբողջ տարածքը զիբիլանոց է, այստեղ գերեզմանոցն է, որ մեր նախնիներին բերել թաղել ենք, բերել անգամ գերեզմանոցին կից սատկած շուն են գցել: Հիմա ասեք, դուք ձեր մեռելը կթաղե՞ք այս սատկած շան կողքը, կամ այստեղ փոսը կփորե՞ք: Գալիս են փոսը փորում, որ արդեն պետք է մահացածին թաղեն, ցելոֆանով արդեն լիքն է լինում: Մարդիկ չգիտեն՝ մեռելը թաղե՞ն, թե՞ չէ»,- ասաց Վեդիի բնակիչը:

Նրա խոսքով՝ մեկ այլ խնդիր է, երբ աղբն այրում են, և ամբողջ քաղաքը հարակից գյուղերի հետ միասին ծխի տակ է անցնում.

«Ամբողջ գյուղերը ծխի մեջ կորած են, ժողովուրդն անգամ դաշտի մեջ չեն կարողանում հող մշակել: Այս ծուխը խեղդում է, հայրս վատացել է, շտապօգնություն ենք կանչել, չի կարողացել գալ, ասում է՝ ո՞նց անեմ: Երեկոյան ժողովուրդը, որ ուզում է դուրս գան հովին նստեն, չեն կարողանում, քանի որ ծուխը լցվում է քաղաքի մեջ, լվացք են փռում, ասում են՝ շան հոտ է գալիս լվացքից»:

Բնակիչներից մեկը, որի տունը մոտ է աղբավայրին, ևս բողոքեց տարածվող գարշահոտից և ճանճերից. «Ամեն օր անցնենք–դառնանք, երկար չենք կարող ապրել, մի օր տեղում կմնանք: Կորոնավիրուս ենք ասում, հես ա կորոնավիրուսը, էլի»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Վեդիի քաղաքապետը, որը նշեց, որ Վեդիում աղբի վերամշակման գործարան է կառուցվում, և հոկտեմբեր ամսին այն կշահագործվի, ու այս խնդիրը կլուծվի:

Ստացվում է, որ բնակիչները պետք է շարունակեն շնչել այս գարշահոտը՝ վտանգելով իրենց առողջությունը, մինչ աղբի վերամշակման գործարանի շահագործումը:

Տեսանյութեր

Լրահոս