«4 ամիս պարտություն  կրած հրամանատար Արսեն Թորոսյանին պետք է սպասվի տրիբունալ  և շտրաֆբատ». Պետրոս Անանիկյան

Հուլիսի 9-ին Կառավարությունն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին որոշում, որով նախատեսվում է, որ բոլոր բժշկական կենտրոնները՝ անկախ սեփականության ձևից, պետք է ենթարկվեն առողջապահության նախարարությանը։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նախարարության այս որոշումը համարեց  սխալ՝ միտված մասնավոր ԲԿ-ներում բժշկության վերացմանը։

«Բոլոր բուժհաստատությունները՝ անկախ նրանից, մասնավո՞ր են, թե՞ պետական, պարտավոր են կատարել նախարարության հրամանները և կարգադրությունները։ Այս հարցում որևէ անհրաժեշտություն չկա այդ կենտրոնները ենթարկել նախարարին։ Դա այդ կենտոններում արվում է, և արվում է՝ առանց ռազմական դրության։ Ես տեղյակ եմ, որ կա ընդամենը երկու դեպք, երբ բուժհաստատությունը հակաճառել է նախարարին, որովհետև նախարարը պահանջել է բժշկական տեսակետից սարսափելի սխալ, և  ես նույնիսկ կասեի՝ հանցագործ պահանջ, որ բոլոր հիվանդանոցներն ունենան Covid-19 բաժանմունքներ, բայց չէ՞ որ չի կարելի նման բան անել, եթե մի հիվանդանոց մտավ նման բաժանմունք, այդ հիվանդանոցը վտանգի տակ է հայտնվում, որ կարող է լրիվ համաճարակ տալ։ Դա ամեն տեղ ապացուցված է՝  եթե պանդեմիա կա, պետք է հիվանդանոցն առանձին լինի»,- ասաց Անանիկյանը։

Անդրադառնալով նախարար Արսեն Թորոսյանի այն դիտարկմանը, որ նման կարգավորում կա ռազմական դրության մասին օրենքում, Պետրոս  Անանիկյանն ասաց.

«Եթե մեզ մոտ ռազմական դրություն է, ապա աշխարհի ոչ մի երկիր իրեն թույլ չի տվել այն հրամանատարին, որը 4 ամիս պարտություն է կրել, շարունակել այդ պարտությունները կրել։ Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, առնվազն պետք է տրիբունալ սպասվի, և նրան պետք է դատել. նա պետք է գնա  շտրաֆբատ (տուգանային գումարտակ,- Ա.Ս.) և ոչ թե նոր բաներ պահանջի։ Եթե նա չի կարողացել հաղթահարել այս վարակը, և պետական հիվանդանոցների կառավարումն իրեն չի արդարացրել, ապա նրա հետ պետք է այդպես վարվել. ի դեպ՝ իսկ գուցե պետական հիվանդանոցները այս վիճակում են նրա համար, որ այդ հիվանդանոցների տնօրենները իր ընկերներն են, իսկ հետաքրքիր է՝ երբ կոռուպցիայից են խոսում, արդյոք ընկերոջը տնօրեն նշանակելը կոռուպցիա չէ՞։ Հիմա նա ուզում է նաև բժշկությունը մասնավոր սեկտորում վերացնել։ Այս որոշումը շատ սխալ է՝ հատկապես այն առումով, որ մենք Առողջապահության նախաարության կողմից ունենք շատ վատ կառավարում։ Ավելի լավ է, որ Առողջապահության նախարարը զբաղվի պոլիկլինիկաներով, երբ քաղաքացիները դիմում են, մերժում են թեստավորումները, մարդիկ դիմում են՝ ասում են՝ ջերմություն ունեն, հոտի, համի կորուստ, տալիս են վիտամին Ց և ուղարկում տուն։ Կամ հիվանդին ասում են՝ դու  թեթև հիվանդ ես, գնա տուն, իսկ դա հանցագործություն է, որովհետև մարդիկ վարակվում են իրենց շրջապատում, ոչ թե փողոցից»,- ասաց պրոֆեսորը։

Պետրոս Անանիկյանն անդրադարձավ նաև երեկ կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե կա կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատվաստանյութ։

«Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են։ Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։ Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի  մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում,  երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի  մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»,- ասաց նա։

Պրոֆեսորը խոսեց նաև կորոնավիրուսով վարակակիրների թվի մասին՝ նշելով, որ այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հիմք է տալիս պնդելու, որ մինչև տարեվերջ կունենանք վարակի նման ցուցանիշներ և չենք հասնի այդքան սպասված պիկին։

«Չեք հասնի, որովհետև կտրուկ միջոցառումներ չեն արվում։ Այստեղ ուզում եմ խոսել նաև մասնագետների բացակայության մասին ու կրկնել, որ փողոցում դիմակ կրելը վնասակար է։ Պարետատունը որոշում ընդունեց, որ ասթմայով հիվանդները կամ թոքային անբավարարություն ունեցողները կարող են դիմակ չկրել, հիմա, եթե հարցին մոտենանք որպես բժիշկ, ապա պետք է ասել, որ այդ մարդիկ  ամենախոցելին են կորոնավիրուսի համար, և պարետը հակառակը պետք է ասեր՝ պետք է պահանջեր, որ այդ մարդիկ տանից դուրս չգան, իսկ նրանց հետ ապրողները դիմակ կրեն, որ նրանց չվարակեն»,- ասաց պրոֆեսորը՝ շեշտելով, որ ունի լուրջ կասկածներ՝ ի վերջո, արդյո՞ք պարետն ունի էպիդեմիոլոգ խորհրդական, ինչը պարտավոր է ունենել էպիդեմիայի դեպքում, մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում՝ իսկ  ինչպե՞ս կարող է մասնագետը նման խորհուրդներ տալ պարետին։

Ամփոփելով խոսքը՝ հաղորդման վերջում Պետրոս Անանիկյանը կոչով  դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Օր շուտ պետք է փոխվի Առողջապահության նախարարը. նախարարները պետք է փոխվեն այնքան, մինչև չգա մեկը ու չկարողանա վարակի դեմ նորմալ պայքարել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս