«Մշակում ենք գործընթաց. առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական». Հրանտ Այվազյան
«Մենք մշակում ենք գործընթաց և առաջիկայում կպահանջենք մի քանի նախարարի հրաժարական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը:
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, դժգոհ են Ատոմ Ջանջուղազյանից, նախկինում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, որոնք, ըստ նրա՝ կարող էին ավելի լավ աշխատել:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատճառով հրաժարականների պահանջին, նա ասաց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները երբ մեկնարկեն, քննություն ընթանա, և հետո եթե մեղավորներ հայտնաբերվեն, ապա դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները. «Հանձնաժողովի գործառույթը պատժելը չէ»:
Խոսելով կառավարության հետ անհամաձայնությունների մասին՝ նա ասաց, որ հենց սկզբից սխալ է համարել Գյուղատնտեսության նախարարության փակումը. «Գյուղատնտեսության ոլորտում մենք շատ լուրջ աշխատանքներ ունենք կատարելու, որը տվյալ դեպքում թերանում է: Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ այդ խնդիրը»:
Հրանտ Այվազյանը նկատեց՝ բազմաթիվ առաջարկներ են անում կառավարությանը, որոնք, սակայն, չեն ընդունվում. «Օրինակ՝ Լոռու մարզի վերաբերյալ ես մոտ 140 առաջարկ էի արել, որոնցից որևէ մեկը չի ընդունվել՝ ամենատարբեր պատճառաբանություններով: Այդ խնդիրները ոչ թե ես եմ արձանագրել, այլ քննարկվել է, ենթադրենք, տվյալ համայնքի ակտիվի հետ: Եթե այդ խնդիրները կառավարության ծրագրում ընդգրկվեն, էլի կառավարությունն է իրականացնելու, համայնքում կատարված բարեփոխումը մնալու է համայնքին: Եթե չեմ սխալվում՝ ԼՀԿ-ի բոլոր առաջարկները մերժվել են և չեն ընդգրկվել կառավարության տարեկան ծրագրում»:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը բազմիցս ասում է, թե ժողովուրդը վստահում է իրենց, բայց դա, ըստ նրա՝ չի նշանակում, թե կարելի է ժողովրդի վստահությունը մսխել. «Ժողովուրդը վստահել է, որպեսզի իրենք իրականացնեն որոշակի աշխատանք՝ շատերը չգիտակցելով, թե դա ինչպես պետք է անեն: Բայց եթե գիտակից մարդիկ, փորձագետները, համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ասում են, որ այս կամ այն տեղում կան թերացումներ, և դրանք պետք է շտկվեն, ուրմեն՝ պետք է շտկվեն: Չի կարելի ասել՝ ժողովուրդը մեզ վստահել է, ինչ ուզենք՝ կանենք. ո՛չ, հարգելիներս, չի կարելի մսխել ժողովրդի վստահությունը, չի կարելի անել՝ ինչ ցանկանում եք: Շատերին թվում է՝ իրենք ամենագետ են, ամեն ինչ կարող են անել և ամեն ինչից հասկանում են, բայց այդպես չի լինում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում