Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով

Վարչապետի աշխատակազմը հունիսի 30-ին միանգամից 6 ընկերության հետ իրականացրել է 14 միլիոն դրամից ավելի գնում՝ մեկ անձից՝ գովազդային արշավի հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով։

Եվ այսպես՝ 5 միլիոն 228 հազար դրամ արժեքով պայմանագիր է ստորագրվել գովազդային ծառայություններ մատուցող Աութդոր Էֆեկտ ՍՊԸ-ի հետ։

Նույն նպատակով մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է ԻՄԻՋ Մ.Գ.- ՍՊԸ-ի հետ՝ 3 միլիոն 450 հազար դրամի արժեքով։

ԷԳԱ ՍՊԸ-ի հետ գովազդային ծառայությունների մատուցման նպատակով կնքվել է 1 միլիոն 800 հազար դրամ արժեքով պայմանագիր։

Նուշիկյան Ասոցիացիա ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է 994 հազար 680 դրամ։

Եվրո Ստուդիո-ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը 570 հազար դրամ է։

Այս բոլոր չորս ընկերությունները պետք է մատուցեն գովազդային ծառայություններ, իսկ ահա պատվերով տպագրվող նյութեր ձեռք բերելու համար վարչապետի աշխատակազմը 3 միլիոն 121 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍՊԸ-ի հետ։

Բոլոր գնումները կատարվել են՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշման։

Իսկ ըստ այդ որոշման՝ մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերում չեն կիրառվում գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակումները՝ 30 օրացուցային օր։

Գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ-դրամարկղային կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ առանց վերջինների առկայության:

Տեսանյութեր

Լրահոս