78 միլիոն դրամ վարչապետի աշխատակազմին՝ կուտակած պարտքերի մի մասը մարելու համար
Վարչապետի աշխատակազմին հատկացվել է 78 միլիոն դրամ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով հանրային իրազեկման աշխատանքներ իրականացրած հեռուստառադիոընկերություններին որպես ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։
Համապատասխան որոշման նախագիծը գործադիրն ընդունել է հուլիսի 2-ի նիստում։
Ըստ նախագծի՝ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով՝ մարտ ամսից կառավարությունը սկսել է իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ, այդ թվում` պատրաստել հիվանդության կանխարգելման, համաճարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանման, տնտեսական ու սոցիալական աջակցության ծրագրերի մասին իրազեկող տեսալսողական հոլովակներ, որոնց տարածումը կազմակերպվել է Հայաստանի հանրային մուլտիպլեքսում և անալոգային տիրույթում հեռարձակվող լիցենզավորված հեռուստաընկերություններում և FM հաճախությունների տիրույթում հեռարձակվող լիցենզավորված ռադիոընկերություններում։
Նախագծի հիմանավորմամբ COVID-19-ի հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։
Այդ իսկ պատճառով, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 78.3 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով՝ որպես մեկանգամյա ֆինանսական աջակցություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում պարտքերի մի մասը մարելու համար։
Նկատենք, որ այս նախագիծն ավելի վաղ ընդգրկված էր Կառավարության հունիս 25-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում, սակայն մի քանի ժամից այն հանվել էր օրակարգից և ընդգրկվել արդեն հուլիսի 2-ի նիստի օրակարգում՝ դարձյալ չզեկուցվող հարցերի շարքում։