Բաժիններ՝

Այսուհետ բոլոր նոտարները, փաստորեն, կարող են հանդես գալ գրավիչ ֆոտոշարքերով, գովազդներով և հրապարակային օֆերտա ներկայացնել իրենց հաճախորդներին

Ամանորի նախաշեմին Երևանի փողոցներում տեղադրված գովազդային վահանակներից մեկի վրա մեր ուշադրությունը գրավեց «Հայուհի» ամսագրի գովազդը՝ Երևան քաղաքի նոտարներից մեկի՝ Աջափնյակի նոտար Իռեն Սարգսյանի «Էստի համեցեք» ֆոտոշարքով։ Ուշագրավ էր այն այնքանով, որ մինչ օրս ՀՀ նոտարներից որևէ մեկը հանդես չէր եկել հարցազրույց-գովազդով։ «Հայուհի» ամսագրի շապիկին Իռեն Սարգսյանի լուսանկարի տակ նշված էր վերջինիս պաշտոնը, հասցեն, էլ․ հասցեն, բջջային հեռախոսահամարը, իսկ ամսագրին տրված հարցազրույցը գովազդում էր վերջինիս մասնագիտական գործունեությունը։

Բանն այն է, որ ՀՀ նոտարական էթիկայի կանոնների 5-րդ կետի 2․4 ենթակետի համաձայն՝ նոտարն իրավունք չունի զբաղվել անհատական գովազդով, այդ թվում` համացանցում, գովազդել իրեն և իր գործունեությունը` նոտարական գործունեության հետ կապ չունեցող պարգևների, գիտական աստիճանների և իր որակավորման այլ լրացուցիչ առանձնահատկություններին հղում կատարելով:

Օրեր անց վերոնշյալ ամսագրի գովազդը հայտնվեց նաև ֆեյսբուքյան հարթակում։ 168.am-ին հետաքրքրեց, թե ով է սույն տիկինը, և 2020 թվականի փետրվար ամսին մեր կողմից հարցում ուղարկվեց ՀՀ արդարադատության նախարարություն՝ հետևյալ բովանդակությամբ՝

«ՀՀ նոտարական էթիկայի կանոնների 5-րդ կետի 2․4 ենթակետի համաձայն՝ նոտարն իրավունք չունի զբաղվել անհատական գովազդով, այդ թվում` ինտերնետում, գովազդել իրեն և իր գործունեությունը` նոտարական գործունեության հետ կապ չունեցող պարգևների, գիտական աստիճանների և իր որակավորման այլ լրացուցիչ առանձնահատկություններին հղում կատարելով:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ հայտնել՝ արդյո՞ք ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանի լուսանկարի, պաշտոնի, հասցեի, էլ․ հասցեի, բջջային հեռախոսահամարի, գիտական աստիճանի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը «Հայուհի» ամսագրի շապիկին և վերջինի գովազդը ֆեյսբուքյան էջերում և Երևանի փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա չի հակասում նոտարի էթիկայի կանոններին և չի հանդիսանում անբարեխիղճ մրցակցության դրսևորում»։

ՀՀ արդարադատության նախարարությունից մի քանի օր անց պատասխանցին, որ ուսումնասիրություններ և հարցումներ անելու նպատակով հարցմանը կպատասխանեն 30 օր անց։ Մի ամբողջ 90 օր հարցումներ և ճշտումներ անելուց հետո ստացանք մեր շատ պարզ հարցի այդքան «բարդ» պատասխանը՝ ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանի գրությունը, համաձայն որի՝ ՀՀ ԱՆ-ն իրականացրել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Եռամսյա ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԱՆ-ից ստացվել է հարցման հետ բոլորովին չառնչվող պատասխան, քանզի նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց առհասարակ չի բարձրացվել, այլ խնդրել ենք ներկայացնել պարզաբանում վերոգրյալ իրավական կարգավորման վերաբերյալ։

Իրականում մեր ունեցած տեղեկություններով՝ սույն տիկինը աչքի է ընկնում տարբեր ժամանակներում տարբեր հովանավորներ գտնելու հմուտ ունակությամբ։ Ի դեպ, նա նոտար է դարձել՝ շնորհիվ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի։

Այս անգամ նրա հովանավորը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր, ում Իռեն Սարգսյանը, ավարտած լինելով ինչ-որ անհայտ ոչ պետական բուհ, դասավանդել է փաստաբանների դպրոցում։ Այստեղ էլ հավանաբար սկսել են նրանց մտերմիկ հարաբերությունները, ինչպես ինքն է սիրում գլուխ գովել։

Փաստորեն, մի ամբողջ 3 ամիս Բադասյանն ամեն ինչ անում էր, որ տիկինը պատասխանատվության չենթարկվի։ Հանուն ճշմարտության՝ նշենք, որ նախարարը դա հաջողությամբ արեց նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի օգնությամբ, որը Իռեն Սարգսյանի մտերիմներից է։

Ինչևէ, ՀՀ ԱՆ պատասխանից կարող ենք ենթադրել, որ այսուհետ բոլոր նոտարները կարող են հանդես գալ գրավիչ ֆոտոշարքերով, գովազդներով և հրապարակային օֆերտա ներկայացնել իրենց հաճախորդներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս