«AUA-PicsArt լաբորատորիայի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն, զարգացնելն է»․ Արտավազդ Մեհրաբյան
PicsArt ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համագործակցությամբ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում հիմնվել է արհեստական բանականության AUA-PicsArt լաբորատորիա։ Անյ իրականացնում է նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում:
Լաբորատորիան արդեն գրանցել է իր առաջին արդյունքները։ Լաբորատորիայի 20 երիտասարդ շրջանավարտներից 15-ը հնարավորություն են ստացել գիտական գործունեություն ծավալել արհեստական բանականության ոլորտում: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ սա կարևոր քայլ է նաև Հայաստանի՝ որպես գիտահետազոտական մեծ ներուժ ունեցող երկրի հնարավորություններն ու համբավը վերականգնելու գործընթացում:
«AUA-PicsArt լաբորատորիայի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն, զարգացնելն է, որի համար առաջնային է երկրում ոլորտի գիտահետազոտական լաբորատորիայի զարգացումը: Այս լաբորատորիայի օգնությամբ մենք երիտասարդ հայ մասնագետներին տրամադրում ենք բարենպաստ պայմաններ՝ արհեստական բանականության ոլորտում գիտությամբ զբաղվելու և ստացված հետազոտության արդյունքները կիրառելու համար»,- նշում է PicsArt ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը։
Ըստ նրա, իրենք հույս ունեն, որ սա կօգնի երիտասարդ մասնագետներ ներգրավել գիտության ասպարեզ` նպաստելով Հայաստանի գիտության ներուժի վերականգնմանը, միաժամանակ նաև արդիականացնելով այն:
PicsArt ընկերությունը առաջադրել է նկարների մշակման ու օգտատերերի վարքի վերաբերյալ 10 արդիական գիտական թեմա և դրանց ուսումնասիրման համար 11 երիտասարդ գիտնականների տրամադրել է դրամաշնորհ: Եվս 4 ուսանող ՀԱՀ-ի գիտական ղեկավարի գլխավորությամբ կաշխատեն ՀԱՀ-ի կողմից սահմանված արհեստական բանականության ոլորտի գիտահետազոտական 2 այլ թեմաների վրա:
Նշենք, որ AUA-PicsArt լաբորատորիայի ընդունելությանը դիմել էին թվով 40 մասնակիցներ, նրանցից 20-ն ընտրվել էին լաբորատորիայում արհեստական բանականության ինտենսիվ և խորացված ուսումնական ծրագրին մասնակցելու համար: Շուրջ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում Ամերիկյան համալսարանի դասախոսներն իրականացրել են կրթական ծրագիր, իսկ PicsArt-ի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետները, ստանձնելով գիտական ղեկավարի պարտականությունները, երիտասարդների հետ կիսվել են ոլորտի իրենց պրակտիկ փորձով: Կրթական ծրագրի ավարտից հետո PicsArt-ի գիտական ղեկավարների հետ համագործակցությամբ ու ոլորտի կարիքներից ելնելով, առաջ են քաշվել արդիական հիմնախնդիրներ, որոնց վերաբերյալ ուսումնասիրություններով էլ այժմ զբաղվում է ծրագրի 15 շրջանավարտ:
Սիրարփի Աղաբաբյան