«Այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մեկ նպատակով՝ թույլ չտալ, որպեսզի ՍԴ-ն այդ հայտնի գործով կայացնի իր որոշումը». Հայկ Ալումյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ կարող է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի վրա։
«Ինչ վերաբերում է երեկ ԱԺ-ի ընդունած նախագծին և առհասարակ այս գործընթացներին, ապա, իմ խորին համոզմամբ՝ այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մեկ նպատակով՝ թույլ չտալ, որպեսզի Սահմանադրական դատարանն այդ հայտնի գործով կայացնի իր որոշումը։ Գիտեք, որ այս գործով Սահմանադրական դատարանը քննում է և՛ Առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումը, և՛ պարոն Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ։ Հիմա ամեն ինչ արվում է, և նոր չէ դա սկսվել, որպեսզի մինչև այդ գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն, որպես այդպիսին, գոյություն չունենա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Ալումյանը։
Նրա կարծիքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի մինչև հուլիսի 7-ը, երբ Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով նիստ՝ ՍԴ-ն ներկայիս կարգավիճակում չլինի, ըստ Ալումյանի՝ կստացվի՞, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է։
«Հիմա ես չեմ ուզում տարբեր սցենարներ ասել, քանի որ մի քանի րոպեից մեր դատական նիստն է սկսվելու։ Բայց մեկ բան հստակ է, կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեկ քրեական գործով, մեկ հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար, պետական ինստիտուտների նկատմամբ տեղի են ունենում նման ոտնձգություններ»,- եզրափակեց փաստաբան Հայկ Ալումյանը։