«Նախորդ անգամ մենք էինք պատրաստակամություն հայտնել ՍԴ դիմելու, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժել էր». Դավիթ Խաժակյան

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որոնց՝ առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, չեն մասնակցել քննարկմանը՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է: ԲՀԿ-ն նաև ստորագրահավաք է սկսել՝ օրենքի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու համար: Քանի որ պակասում է 2 ստորագրություն, նրանք դիմել են ԼՀԿ–ին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մինչ այս պահն իր որոշման մասին չի հայտնել:

Կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասնաբար ՍԴ դիմելու կոչերին, գրել է. «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»:

168.amԴավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանն» ինքը չի դիմում Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի սահմանադրականությունը՝ հաշվի առնելով այն, որ բազմիցս խոսել են դրա հակասահմանադրականության մասին, նա պատասխանեց.

«Ես հիշեցնում եմ, որ նախորդ անգամ մենք էինք պատրաստակամություն հայտնել ՍԴ դիմելու, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժել էր, ընդ որում,  նույն հարցի վերաբերյալ»:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» որոշել էր հանրաքվեի դնել ՍԴ նախագահի ու ևս վեց անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը։ Այդ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։

Հարցին՝ այս պահին կուսակցությունն այդ քայլը չի՞ անի փաստորեն, նա պատասխանեց.

«Հիմա արդեն այն պահն է, երբ «Բարգավաճ Հայաստանն» ասում է՝ դիմումը գրել ենք կամ գրում ենք, դիմում ենք «Լուսավոր Հայաստան»-ին, մենք էլ ասում ենք՝ դիմում եք, բերեք այդ  դիմումը՝ տեսնենք»:

Նկատառմանը, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Շաքե Իսայանը տեղեկացրել է, որ մեկ ժամվա ընթացքում այդ դիմումը՝ ստորագրություններով հանդերձ, կլինի, Դավիթ Խաժակյանն արձագանքեց.

«Դիմումը  թող բերեն, կքննարկենք: Երեկվանից քննարկումների մեջ ենք, երբ արդեն դիմումը լինի, առարկայական կհստակեցնենք անելիքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930