«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է, և այն պարտադիր բնույթ չի կրում». Լիլիթ Մակունց

«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք Սահմանադրական դատարանից դուրս տեսնված խնդիրների թնջուկը բացել և այն հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունն այն որակում է՝ որպես հակապետական քայլ: Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույն որակավորումներն էին հնչում: Այն ժամանակ էլ կարծիքներ կային, որ լավագույն տարբերակն ԱԺ-ում որոշում կայացնելը կլինի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարություններին, թե ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը հակասահմանադրական է, ուստի արտահերթ նիստին չեն մասնակցելու:
Ըստ Լիլիթ Մակունցի, ուրախ կլիներ, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել, ներկա լինեին նիստին և իրենց դիրքորոշումը հայտնեին քաղաքացիներին:

168.am-ի դիտարկմանը, որ կոնկրետ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չկա քաղաքական բանավեճ, այդ պատճառով էլ չեն պատրաստվում իրենց ասելիքը նիստին մասնակցելու միջոցով հայտնել, Լիլիթ Մակունցը նկատեց՝ բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչները գտնվում են դահլիճում և հնչեցնում են հակառակ տեսակետ:

«Իրենք այստեղ չեն և չեն կարող հնչեցնել իրենց տեսակետը: Շատ ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, ներկա գտնվեին և իրենց տեսակետը հայտնեին, թե այս իրավիճակը հաղթահարելու համար ընդդիմությունն ինչ է մտածում: Իհարկե, մեզ միշտ հետաքրքրում է ընդդիմության, քաղաքացիական հասարակության կարծիքը, նաև միջազգային գործընկերոջ կարծիքը, որի հետ խորհրդակցելու արդյունքում էլ ԱԺ  է ներկայացվել այն նախագիծը, որը ներկայացվել է»,- հավելեց Լիլիթ Մակունցը:

Հարցին, եթե պետք է չսպասեին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ինչո՞ւ էին դիմել այդ կառույցին, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերում անելիս պետք է հստակ լինի ամեն ինչ, որի արդյունքում էլ կստացվի հետևյալ միտքը. ընդհանուր առմամբ Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատելով այն մոտեցումները, որ անհրաժեշտ են լուծումներ, ընդգծել է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, ըստ որի՝ նախատեսվում էր անցումային փուլ:

«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառել մեր նախագծում: Այդ հատվածը չենք ներառել, որովհետև նախ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է, և այն պարտադիր բնույթ չի կրում: Այս մասին նշված է հենց այն եզրակացության մեջ, որը հրապարակվել է: Բացի այդ, այնտեղ նաև նշվում է, որ  ՀՀ իշխանություններն իրավիճակը գնահատում են, ըստ այդմ էլ պետք է որոշումներ կայացնեն նաև անցումային փուլի տևողության առումով: 2018  թվականին, երբ ըստ էության ՍԴ նախագահ ունեցավ, այդ օրվանից անցումային փուլը սկսված է»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Տեսանյութեր

Լրահոս