«Նիկոլ Փաշինյանին պետք է օգնել հեռանալ». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա չգնալու պատճառը համաճարակը չէ:
«Պատճառները մի քանիսը կարող են լինել. առաջին՝ հետաքրքիր կերպով դա համընկավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ: Չի բացառվում, որ, ինչպես միշտ, այդ պահին էլ Նիկոլ Փաշինյանն ունեցել է ներվային նոպա և այդ պահին էլ որոշում է կայացրել չմեկնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երկրորդ պատճառը, ըստ վերլուծաբանի՝ կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է՝ Ռոբերտ Քոչարյանի ազատման հետ կապված՝ Մոսկվայում արժանանալու է ծաղրուծանակի. «Ինքն ակնհայտորեն ընտրել է բռնապետական մոդելը, և պետք է այդ մոդելում կարողանաս քեզ արդարացնել: Այսինքն՝ եթե դու ընտրել ես բռնապետական մոդելը, բայց չես կարողանում վերահսկել դատարաններին, դա հին, փորձված բռնապետների մոտ առաջացնում է բավականին ծիծաղելի իրավիճակ: Երրորդ պատճառներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ակնհայտ հասկանում, որ օրակարգ չկա»:
Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ պատահմամբ իշխանության բուրգում հայտնված երիտասարդներից ինչ-որ բան սպասել պետք չէ.
«Այս երիտասարդները որևէ քաղաքականության և լուրջ կառավարման հետ աղերս չունեն, և իրենց իշխանության մեջ գտնվելու ամեն օրը պատուհաս է երկրի համար: Իրենք փչացրել են հարաբերությունները ողջ աշխարհի հետ, դրա համար աշխարհում ոչ մի ուժային կենտրոն՝ լինի դա ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, իրենց լուրջ չեն ընկալում: Իրենց տրված էր ժամանակ՝ արդարացնելու իրենց, իրենք իրենց բոլոր գործողություններով ցույց տվեցին, որ պատրաստ չեն»:
Նա չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը հեշտ կհեռանա իշխանությունից կամ հեշտ կհանձնվի. «Այս մարդու կյանքի նպատակն է եղել՝ ամեն գնով վերցնել իշխանությունը, վերջիվերջո վերցրել է: Ուժային կառույցներում այդ նշանակումներն էլ հենց վկայում են դրա մասին, որ այս իշխանություններն ամեն գնով փորձելու են պահել իշխանությունը: Սրանք հեռացող անձանց քայլեր չեն»:
Արգիշտի Կիվիրյանը հավելեց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել է, սակայն հեռանալու ցանկություն չունի: Եթե իր իշխանության մեջ կան ադեկվատ անձինք, ապա իրենք պետք է օգնեն Նիկոլ Փաշինյանին՝ կայացնելու հեռանալու որոշում: Եթե անձը վտանգում է պետությունը, հասարակության անվտանգությունը և չի կարողանում երկրի համար ապահովել որևէ զարգացում, այդ անձը պետք է հեռանա: Բայց հեռացման լավագույն տարբերակը՝ իրեն կարողանան դա բացատրել, իսկ իրեն կարող են դա բացատրել իշխանության ներսից: Այս պահին նախընտրելի է, որ իշխանության ներսից կարողանան Նիկոլ Փաշինյանին համոզել, որ ինքը սպառնում է ՀՀ անվտանգությանը, և հենց իր համար էլ նախընտրելի է իր հեռացումը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում