«Որքան ձևակերպումները լայն են, այնքան մեկնաբանությունները նեղ պիտի լինեն, հօգուտ անձի». Արամ Վարդևանյանը՝ ՎՀ խորհրդատվական կարծիքի մասին
Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի՝ (ՎՀ) ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ-ի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքը։
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը նախքան կարծիքին անդրադառնալը հիշեցրեց, թե ինչպես այս գործընթացը սկիզբ առավ:
«Մեր կողմից Սահմանադրական դատարան (ՍԴ) էին ներկայացվել մի քանի դիմումներ: Դրանք վերաբերում էին և որոշակիության, և համաչափության, և հետադարձ ուժի արգելքի հետ կապված հարցերին: ՍԴ-ն կասեցնելով և դիմում ներկայացնելով Եվրոպական դատարան, ինչպես նաև ՎՀ, ըստ էության փորձում էր ստանալ որոշակի կարծիքներ հենց այս հարցերի շուրջ»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Վերջինս նշում է, որ ՎՀ-ն, ծանոթանալով քրեական օրենսգրքի 300.1 հոդված վիճարկվող դրույթներին՝ փաստացի վերացնել, իրավական համակարգում դադարեցնել, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ չի հասկացվում, և նույնիսկ չեն անդրադարձել դրանց:
«ՎՀ-ն, ուսումնասիրելով միջազգային փորձը, եկել է այն եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններն իրենց մեջ պարտադիր ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր: Մենք 300.1-ում չունենք բռնության կամ բռնության սպառնալիքի ձևակերպում: Մենք ունենք փաստացի վերացում, իսկ դա ոչ միայն մեզ համար հասկանալի չէ, այլև ՎՀ 4 հեղինակավոր փորձագետների համար դա թվացյալ թարգմանական խնդիր է ընկալվել, որ հնարավոր է, որ մեր Քրօրում նման ձևակերպում լինի»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Վերջինս բառացի ցիտեց ՎՀ կարծիքից հատված, որտեղ ասվում էր, որ սահմանադրական կարգի տապալումն այնպիսի ձևակերպմամբ, ինչպիսին որ կա ՀՀ-ում, նմանը չունի միջազգային փորձում:
«ՎՀ-ն իր եզրափակիչ հատվածում արձանագրել է ևս մեկ շատ կարևոր հանգամանք: Արձանագրել է, որ, երբ նման տեսակի լայն մեկնաբանման ենթակա հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ այդ դեպքում դրանք պետք է մեկնաբանվեն նեղ ձևով, հօգուտ անձի: Իմ մասնագիտական կարծիքով՝ 300.1-ի ձևակերպումն այնպիսին է, որ նույնիսկ հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու: Իսկ այդպես խախտվում է ՎՀ պահանջը, որ որքան ձևակերպումները լայն են, այնքան մեկնաբանությունները նեղ պիտի լինեն»,- նկատեց սահմանադրագետը:
Արամ Վարդևանյանը նշեց, որ այս գործով քննությունը ՍԴ-ում կասեցված էր մինչև ՎՀ-ի խորհրդատվական կարծիքի ստանալը: Կարծիքը ստացվել է, և հետևաբար՝ վարույթը ՍԴ-ում պետք է վերսկսվի:
Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ այն պահից, երբ ՍԴ-ն 300.1 հոդվածը կճանաչի հակասահմանադրական, այս հոդվածով հարուցված քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման:
Մանրամասները՝ տեսանյութում