Սոլոմոն Իմե Ուդոն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ
Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ:
Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:
Ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»:
Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։ Ակումբային կարիերան 2013 – «Էսփայր» (Սենեգալ) 2014 – «Էյպեն», (Բելգիա) 2015 – «Արարատ» (Երևան) 2015-2016 – «Ուլիս» (Երևան) 2016-2018 – «Շիրակ» (Գյումրի) 2018-2019 – «Ուրարտու» (Երևան) 2019 – «Շիրակ» (Գյումրի)։