«Գո՞ւցե այս օրենքն ավելի ուշ բերեիք, բայց ունենայինք էլեկտրոնային մամուլը կարգավորելու մեխանիզմներ». Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը և այլ պատգամավորներ, ամբողջական չէ:
«Այս նախագծում չկա էլեկտրոնային մեդիան: Մենք գիտենք, որ էլեկտրոնային մամուլը ևս թողարկում է տեսալսողական արտադրանք: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք այնպիսի օրենք, որը կկարգավորի նաև այս դաշտը: Գո՞ւցե այս օրենքն ավելի ուշ բերեիք, բայց ունենայինք էլեկտրոնային մամուլը կարգավորելու մեխանիզմներ: Գուցե այդպես ավելի ճիշտ կլիներ»,- նշեց Անի Սամսոնյանը:
Ըստ նրա՝ օրենքի նախագծում «Տեղեկատվության հավաստիության ապահովման» հոդվածից հանվել է քննարկվող թեմային և դրան ուղեկցող պատկերի համադրության պահանջները, վերնագրի և թեմայի համադրելիության պահանջները:
«Կարծում եմ՝ այս ամենը ողջունելի է, քանի որ դա կարող էր լինել դասական գրաքննության փորձ: Լրագրողական էթիկային վերաբերող ոչ բոլոր հարցերը մենք կարող ենք բերել օրենք: Բացի այդ, դրանք կարող էին խիստ բացասաբար ազդել լրագրողի մասնագիտական և ստեղծագործական աշխատանքի վրա»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև նկատեց, որ բոլորին հայտնի է, որ հայ իրականության մեջ կան հեռուստաընկերություններ, հեռարձակողներ, նաև ռադիո, որոնք ունեն կուսակցական պատկանելություն, հետևաբար, եթե թույլ են տալիս, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենա իր մեդիան, ապա օրենքի նախագծում հակասություններ է առաջանում ինքնուրույնության երաշխիքի հետ կապված:
«Բնական է, որ եթե կուսակցությունն ունի մեդիա, և հովանավորն այդ կուսակցությունն է, ապա այն տարածելու է իր կուսակցական գաղափարները: Հետևաբար՝ մենք կարո՞ղ ենք դա համարել, որ կուսակցությունը միջամտում է տեսալսողական արտադրանքի թողարկմանը, և հոդվածի խախտում ենք արձանագրում օրենքում»,- հավելեց Անի Սամսոնյանը: