«Պետությունը պետք է սահմանի այն նորմերը, որ թեկուզ քաղաքական ուղղվածություն ունենալով՝ լրատվական կայքերը, հեռուստաընկերությունները պահպանեն համաչափությունը». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ խորհրդարանում շատ խոսվեց քաղաքականացված մամուլի և լրատվության մասին, ինչն ամբողջ աշխարհում այդպես է, հետևաբար՝ այդ հարցում շատ բան չեն կարող անել:
«Բայց պետությունը պետք է սահմանի այն նորմերը, որ թեկուզ քաղաքական ուղղվածություն ունենալով՝ լրատվական կայքերը, հեռուտաընկերություններն անպայմանորեն պահպանեն համաչափությունը: Հաջորդ քայլով մենք պետք է փորձենք պատասխանատվության ինստիտուտը զարգացնենք, ոպեսզի այն իրոք միս ու արյուն ստանա: Կրկնում եմ՝ այսօրվա գործող իրավակարգավորումներով շատ խրթին է և հաճախ աննպատակ ու անիմաստ է մտնել դատական քաշքշուկների մեջ, դրա արդունքը չի լինելու այն, ինչն ուզում ենք: Մեզանից որևէ մեկն այսօր ապահովագրված չէ, որ իր նկատմամբ նման մեդիաարշավ ինչ-որ պահի չի սկսվի»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծին:
Նա ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» շատ է հայտնվել նման գրոհերի տիրույթում, հետևաբար՝ կարևորում է, որ անցնեն պատասխանատվության ինստիտուտի զարգացմանը, որը շատ կարևոր է չորրորդ իշխանության կայացման համար:
«Առանց պատասխանատվության՝ մենք չենք ունենա օրենքի ճիշտ, պատշաճ կիրառում»,- հավելեց պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև հանրային հեռարձակողի խորհրդին, որի անդամները մրցութային կարգով են անցնում, բայց նրանց նշանակում է վարչապետը:
«Ի վերջո, մենք խորհրդարանական երկիր ենք, և խորհրդարանը ներկայացնում է հանրության ավելի շատ շերտեր: Կարծում եմ՝ լավ կլիներ այս ընտրության գործընթացը կազմակերպվեր Ազգային ժողովում, կամ գոնե ԱԺ-ի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի ընտրության կարգով»,- շեշտեց նա: