ՀՀ-ն, ի դեմս դատավորի, իրավունք չունի ասելու՝ չենք վստահում նախկին վարչապետներին. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալը կախված է նախ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների գնահատականներից, ինչպես նաև Վարչական դատարանի որոշումից: Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ նշելով, որ չի ցանկանա մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը: Այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր: Նա շարունակում է գտնվել ԲԿ-ում, որտեղ, Վարչական դատարանի որոշմամբ, մնալու է մինչև երկրում համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր մոտ 2 ժամ լսեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 13-ին հրապարակված որոշման դեմ: Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավելի քան մեկ ամիս առաջ մերժել էր Ռոբերտ Քոչարյանին՝ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները:
Վերաքննիչ քրեական դատարանում միջնորդությունները ներկայացնելիս փաստաբանները, պատասխանելով դատավորի հարցին, թե այն անձինք, որոնք Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացնում, ինչ հեղինակություն ունեն Ռոբերտ Քոչարյանի համար, և ինչ հարաբերությունների մեջ են գտնվում Ռոբերտ Քոչարյանի հետ, խոստացան այդ պատասխանը ներկայացնել հաջորդ դատական նիստին: Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով անձեռնմխելիության ինստիտուտին, ասաց, թե ՀՀ-ն, ի դեմս դատավորի, իրավունք չունի ասելու՝ չենք վստահում նախկին վարչապետներին:
Անդրադառնալով խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությանը՝ պաշտպանները կրկին ներկայացրեցին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը՝ անդրադարձ կատարելով նաև ՔԿՀ-ներում առկա իրավիճակին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Դատավորի հարցին, թե ի՞նչ գույքային հնարավորություններ ունի Ռոբերտ Քոչարյանը, կամ դրանք նրա համար ի՞նչ չափով սահմանափակվող կլինեն, որպեսզի նրա վարքագիծը պատշաճ լինի, պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքն ամբողջությամբ այս պահին գտնվում է կալանքի տակ:
Դատարանը հաջորդ նիստին, որը նշանակվել է երկու օր անց, շարունակելու է լսել պաշտպանական կողմին, ինչից հետո՝ նաև դատավարության մյուս կողմերին: