«Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս գործընթացը կարող է ավելի սրել իրավիճակը». Քաղաքագետ
«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված՝ ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի: Սակայն այս ամենի մեջ ինձ մի հարց է հետաքրքրում, եթե Գագիկ Ծառուկյանը, ըստ իշխանությունների ու վարչապետի, այդքան կեղտոտ անցյալ ունի, ժամանակին երբ իշխանության եկան, այդ դատավարության վերաբերյալ փաստաթղթերը ո՞ւմ համար էր պահվում: Որքանով ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է նախորդ իշխանությունների աշխատաոճը, երբ քաղաքական հակառակորդներին չեզոքացնում էին շանտաժի և ահաբեկելու միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Խուզարկությունից հետո նրան հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության:
Ըստ քաղաքագետի, եթե Գագիկ Ծառուկյանն այդքան վատն էր, բա Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող հիմնադրամներին երբ միլիարդներով գումար էր փոխանցվում, ինչպե՞ս էին ընդունում:
«Իրենք չգիտեի՞ն, որ Ծառուկյանն այդքան վատն է, օրինախախտ է: Այստեղից հետևություն, որ մենք գործ ունենք տարրական շանտաժի հետ, որի դեպքում Նիկոլ Փաշինյանն այն տեղեկությունները, որոնք իրեն հասանելի են ի պաշտոնե՝ օգտագործում է իր քաղաքական քննադատների դեմ: Այս տեղեկությունների հասանելի դառնալն է զավեշտ: Այսօր կորոնավիրուսային համաճարակի խայտառակ իրավիճակում գտնվող Հայաստանի Առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան պատին հրապարակում է ինչ-որ թղթի կտորի վրա գրված տեքստ և այն օգտագործում է՝ որպես ընտրակաշառք բաժանելու մասին ապացույց: Լավ, մենք ո՞ր դարում ենք ապրում, սրանք ընդհանրապես հասարակությանը տհասի տե՞ղ են դրել: Հիմա ես էլ կարող եմ ինչ-որ թղթի կտորի վրա գրել, որ, ասենք, 15 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մեր հարևան փողոցում մարդ է գցել մեքենայի տակ, հետո՞, այս «ապացուցային» բազաներով մենք մինչև ո՞ւր ենք հասնելու»,- հավելեց քաղաքագետը:
Ստեղծված իրավիճակը և իշխանությունների գործողությունները քաղաքագետը որակեց՝ որպես խայտառակություն, քանի որ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավար է, նախարարներն էլ իրենց գործերով պետք է զբաղվեն, իսկ իշխանական պատգամավորները ամոթ պետք է ունենան:
«Զարմանալի է, որ իշխանություններն ընտակաշառքից են խոսում, բա երբ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքին պատկանող թերթն ամեն ընտրությունից հետո պարտություն էր կրում իր հարազատ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մոռանո՞ւմ էր, թե ինչ հոդվածներ էր գրում այժմ իր համար շատ սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանի մասին»,- շեշտեց Գագիկ Համբարյանը:
Նա ընդգծեց, որ իշխանության գործողությունները էլ ավելի է սրելու լարվածությունը հասարակության տարբեր շերտերի մեջ, ինչը մեծ խնդիրներ է ստեղծելու հենց գործող իշխանությունների համար: Այս համատեքստում գործող վարչապետն ունի մեկ մեծ խնդիր. Նա չի ընդունում գործող ընդդիմության գոյությունն իր կողքին: Հետևաբար՝ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք քննադատում են վարչապետին, նույն րոպեին պիտակավորվում են՝ որպես դավաճան, նրանց դեմ սկսվում են տարբեր գործողություններ՝ սկսած քրեական գործեր հարուցելուց, որով վարչապետը փորձում է չեզոքացնել իր բոլոր ընդդիմախոսներին:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ այս ամենից հետ չի կանգնելու, Գագիկ Համբարյանն ասաց, որ հասարակությունը չի մոռացել 2015 թվականի իրադարձությունները, երբ Գագիկ Ծառուկյանը ոտքի էր կանգնել, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո որոշեց, որ թողնելու է քաղաքականությունը:
«Սրանով Գագիկ Ծառուկյանը պատասխանեց իր այն քննադատներին, որոնք այս օրերին հասարակությանը փորձում էին համոզել, որ Ծառուկյանը բոլորին կհանի փողոց և հետ կկանգնի այնպես, ինչպես եղավ 2015 թվականին: Ծառուկյանն իր այս հայտարարությամբ մեսիջ հղեց հասարակությանը, որ հետ չի կանգնելու իր խոսքից, և այս հայտարարությամբ նա ավելի վտանագավոր բան ակնարկեց, որ 3 ամիս հետո Հայաստանում սով է սպասվելու: Այս հանգամանքն իշխանությունները ոչ միայն չեն հերքում, այլև թեմային չեն էլ անդրադառնում, երբ շատ մասնագետներ ևս նման կարծիք են հայտնել: Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս գործընթացը, հատկապես, եթե նրան ձերբակալեն, կարող է ավելի սրել իրավիճակը, Նիկոլ Փաշինյանն այս ամենը պետք է հաշվի առներ մինչև գործողություններ սկսելը»,- եզրափակեց նա: