«Հապաղելը գուցե չէր բխում քրեական գործի շահերից». Իշխանական պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության մասին

Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն էր իրականացնում:

Գագիկ Ծառուկյանին աջակցելու համար բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել նրա առանձնատան մոտ, որոնց ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ կոչ էր անում պահպանել սոցիալական հեռավորությունը:

168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց, արդյո՞ք չէին կարող այս խուզարկությունները հետաձգել, քանի որ իշխանությունները միշտ հայտարարել են, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, արդյո՞ք այս քայլերով քաղաքացիներին արհեստական ձևով չեն հանում փողոց, որտեղ չի բացառվում նրանց վարակվելը:

«Իհարկե, ցանկացած կուտակում վտանգավոր է, քաղաքացիների կողմից  ցանկացած շարժ անելուց պետք է հաշվի առնեն այն որոշումներն ու ցուցումները, որոնք կան՝ համավարակի հետ կապված, խստագույնս այդ կանոնները պետք է պահպանեն: Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա այն դատավարական պրոցեսի գործընթաց է, կա հարուցված քրեական գործ և նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է խուզարկություն իրականացնի, սա բխում է քրեական գործի քննության անհրաժեշտությունից: Սովորական գործընթաց է, ամեն օր էլ խուզարկություններ լինում են քրեական գործերով, այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում: Եթե կա քրեական գործ, իհարկե պետք է իրականացվեն այն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք հնարավորություն կտան պարզաբանել քրեական գոծով պարզաբանման ենթակա հանգամանքները»,- նշեց պատգամավորը:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝  խուզարկությունն այդքան էլ կապ չունի համավարակի հետ, քանի որ խուզարկությունը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են իրականացնում , այդ թվում՝ քննչական գործողությունները:

«Հանցագործությունների բացահայտման գործում շատ կարևոր է տաք հետքերով և հնարավորինս արագ իրականացնել բոլոր քննչական գործողությունները, որովհետև ժամանակի կորուստը կարող է բերել նրան, որ մի շարք ապացույցներ կորեն կամ դրանց հավաքագրումը հետագայում դժվար լինի: Այդուհանդերձ այս ամենի գնահատականը տալիս է քննչական մարմինը, եթե քննչական մարմինը որոշել է հիմա պետք է այդ գործողություններն իրականացնի, նշանակում է, որ դրա անհրաժեշտությունը կա և այն պետք է իրականացնել, հապաղելը գուցե չէր բխում քրեական գործի շահերից»,-հավելեց նա:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս իրավիճակում իրավապահները պետք է հետևեն, որպեսզի չխախտվեն այսօրվա համակեցության կանոնները՝ անկախ այն հանգամանքից, թե մարդիկ ինչ առիթովով են հավաքվել և որտեղ են հավաքվել:

«Իրավապահները միշտ պետք է հետևեն, որպեսզի կանոնները չխախտվեն: Լավ կլիներ, որ մարդիկ չհավաքվեին, գուցե Գագիկ Ծառուկյանը կարող է իր կողմնակիցներին կոչ անել, որ չհավաքվեն և չվտանգեն իրենց կյանքն ու մյուսների առողջությունը: Վստահ եմ, որ իրավապահները հետևելու են այս հավաքների գործընթացին և կանոնների պահպանման նկատմամբ առանձնակի ուշադրություն կդարձնեն»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս