Կառավարությունը ձախողել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ընթացքը՝ ստիպված լինելով հրաժարվել ռուսական վարկից

Ատոմակայանի դերը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար չափազանց մեծ է։ Հավանաբար շատերը կհիշեն, թե ինչ էր կատարվում մեր երկրում 1990-ական թվականների սկզբին, երբ ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցված էր։

Թեև ատոմակայանի վերագործարկումից և անխափան աշխատանքից հետո տասնյակ տարիներ են անցել, այնուհանդերձ Հայաստանը կարող է կրկին բախվել էներգաբլոկի գործունեությունը հարկադրված դադարեցնելու խնդրի հետ։ Կառավարությունը ստանձնել է գործող էներգաբլոկի տեխնիկական վերազինում և արդիականացում իրականացնելու պարտավորություն, ինչը պետք է պայմաններ ստեղծի շահագործման ժամկետը երկարաձգելու համար։ Եթե ժամանակին չկատարվեն նախատեսված աշխատանքները և չապահովվեն անհրաժեշտ պարամետրերը՝ կայանի լիցենզիան կարող է կասեցվել։ Այն ավարտվում է 2021թ. ապրիլին։

Էներգաբլոկի արդիականացման նպատակով, դեռևս 2015թ. ՌԴ-ի հետ ստորագրվեց համաձայնագիր՝ 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ ստանալու վերաբերյալ։ Գումարի շրջանակներում ՀԱԷԿ-ի վերազինման ծրագիրը նախատեսված էր ավարտել դեռևս անցած տարի։ Սակայն կառավարությունը ձախողել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը և կայանը կանգնեցրել փաստի առաջ։

Էներգաբլոկի արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները սկսվել են իշխանափոխությունից առաջ։ Այն ժամանակ արդեն դրանք մի փոքր հետ էին մնացել ժամանակացույցից։ Բայց հույս կար, որ ընթացքում կհաջողվի աշխատանքները վերադարձնել ժամանակացույցի մեջ։

Ամեն ինչ խճճվեց իշխանափոխությունից հետո։ Հայտնի ու անհայտ պատճառներով՝ վերազինման ընթացքը գնալով դանդաղեց, և այսօր արդեն կայանի արդիականացման աշխատանքների իրականացումն էապես հետ է մնացել ժամանակացույցից։ Թերևս, դա էլ դարձել է ռուսական վարկի և դրամաշնորհի հետ կապված պատմության հիմնական պատճառը։

Ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվել էր, որ էներգաբլոկի տեխնիկական վերազինման շրջանակներում գումարների իրացումը պետք է ավարտվի 2019թ. դեկտեմբերի 31-ին։ Դրանով վերջանում է վարկի արտոնյալ շրջանը, և 2020թ. հունվարից Հայաստանը սկսում է մարումը։

Առաջին մարումն արդեն կատարվել է, թեև հատկացված ֆինանսական միջոցների ամբողջական իրացման վերաբերյալ եղած պայմանավորվածությունը մնացել է անկատար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը դիմել էր ռուսական կողմին՝ համաձայնագրի ժամկետները տեղափոխելու նախաձեռնությամբ։ Սակայն կողմերը համաձայնության չեն եկել, ինչն էլ դարձել է համաձայնագրից Հայաստանի հրաժարվելու պատճառը։

Այս իրավիճակը, անշուշտ, չէր առաջանա, եթե կառավարությունը կարողանար ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու հիմա էներգաբլոկի արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ ստիպված ենք մտածել այլ աղբյուրներից գումարներ ներգրավելու մասին։

Մինչ այդ՝ ՀԱԷԿ-ին կտրամադրվի բյուջետային վարկ, որը փակելու համար կառավարությունը պատրաստվում է թողարկել լրացուցիչ գանձապետական պարտատոմսեր։ Թողարկման արդյունքում ակնկալվում է առաջիկա 3 տարում ներգրավել 63,2 մլրդ դրամ։ Այսօրվա փոխարժեքով այն համարժեք է շուրջ 131 մլն դոլարի։

Կառավարությունը հույս ունի, որ բյուջետային վարկն ատոմակայանին կտրամադրվի այնպիսի պայմաններով, որպեսզի այն առնվազն չգերազանցի ռուսական վարկի մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը:

«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, և դրա փոխարեն՝ ներքին աղբյուրներից միջոցներ ենք ներգրավում՝ավելի լավ պայմաններով։ Ավելի է մեծացվելու կառավարության լծակները՝ այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար: Նախկին պայմաններում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու առումով, իսկ այս պարագայում այն դնում ենք շուկայական տրամաբանության մեջ և կարող ենք շուկայից ձեռք բերել ապրանքներ՝ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրանքի գները կլինեն ավելի ցածր,- կառավարությունում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- ՀՀ կառավարության նկատմամբ կա վստահություն։ Մենք նկատում ենք, որ ներքին շուկայում ավելի մեծ հետաքրքրություններ են ձևավորվում կառավարությանը վարկավորելու հարցում, այսինքն՝ ֆինանսավորելու, և կարող են լինել մեծ պրոյեկտներ, որոնց ֆինանսավորման համար դիմենք ոչ թե արտաքին, այլ ներքին աղբյուրներին»։

Դժվար է ասել, թե ինչի վրա է հիմնված վարչապետի լավատեսությունը, բայց փաստ է, որ ներքին շուկայում, այդ թվում՝ նաև գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավվող  ֆինանսական միջոցների դեպքում, դրանց գինն անհամեմատ ավելի բարձր է։ Առավել ևս, այսօրվա տնտեսական ու ֆինանսական դժվարությունների պայմաններում, դեռ հարց է, թե ինչքանով է նպատակահարմար ներքին աղբյուրներից փողի ներքաշումը, երբ դրա կարիքն ավելի է մեծացել։

Այս իրավիճակում, թվում է, թե ռուսական վարկից հրաժարումը տրամաբանական չպետք է լիներ։ Բայց կառավարությունը գնացել է դրան, որովհետև համարում է, որ առաջարկվող պայմանները, որոնցից մեկն էլ վարկի 80 տոկոսը ռուսական ընկերություններից ձեռքբերումներին ուղղելն է եղել, չէր կարող հանդուրժել։ Խոսքն  աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլնի մասին է։

Նման մոտեցումը, կառավարության կարծիքով, մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար։ Բայցի այդ էլ՝ սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման հնարավորությունը։

Ու այդքանից հետո կառավարությունը խոստովանում է, որ էներգաբլոկի վերակառուցման ծրագրի հետ կապված աշխատանքները կարող է իրականացնել միայն 1 ընկերություն։ Եվ այդ ընկերությունը «Ռոսատոմն» է՝ «Էներգաբլոկի հետագա շահագործումը հիմնավորելու համար կազմվել և հաստատվել է միջոցառումների ցանկ, որոնց իրականացումը հնարավոր է միայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավմամբ»։

Իսկ ո՞ւր մնացին մոնոպոլ դիրքերի ձևավորման վերաբերյալ կառավարության ու վարչապետի հայտարարությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս