«Եթե չունենայինք պետական մտածողություն կամ պետական համակարգի ձևեր, չէինք կարող պետություն ունենալ». պատմաբանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, թե փողոցում տեսնելով «վերակենդանացման բաժանմունք քայլող» մարդկանց, եկել է այն եզրահանգման, որ խնդիրը ոչ թե համավարակի հետ է կապված, այլ պատճառներն ազգային հոգեբանական շերտերում են:
«Այս ամենը վերաբերմունք է մեր պետական կարգի նկատմամբ: Պիտի արձանագրեմ, որ ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար: Այսինքն՝ մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ՝ մոտավորապես 600 տարի: Չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը մենք մեզ հարազատ կհամարենք, մերը կհամարենք: Մեզ համար մեր պետական կարգը հարյուրամյակներով եղել է օտարածին և օտարի կողմից պարտադրված՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, ռուսական կայսրություն, Սովետական Միություն: Այս կայսրությունների նկատմամբ ունեցել ենք տարբեր վերաբերմունք»,- նշել է նա՝ հավելելով, որ պետական կարգը միշտ բռնության հետ է ասոցիացվել մեր գիտակցության և ենթագիտակցության մեջ:
Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» ժողովրդին ազատություն է բերել, բայց միևնույն է՝ ժողովրդի մեջ պետական կարգը շարունակվում է ասոցիացվել ազատությունից զրկելու հետ, նկատի ունի՝ դիմակ դնել-չդնելու հետ կապված խնդիրը: Այսինքն՝ ժողովրդի վարչապետն իրեն ընտրած ժողովրդին մեղադրում է պետականամետ չլինելու մեջ:
168.am-ի հետ զրույցում պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ մի ժողովուրդ, եթե պետական մտածողություն չի ունենում, ինքը երբեք պետություն չի ունենում, սա աքսիոմա է:
«Ժողովուրդը կարող է պետություն չունենալ, բայց եթե ունի պետական մտածողություն, հասնում է իր նպատակին: Այո, դարերով մենք պետություն չենք ունեցել, բայց պետական մտածողություն ունեցել ենք, ինչի վկայությունը հենց Առաջին Հանրապետությունն է: Եթե չունենայինք պետական մտածողություն կամ պետական համակարգի ձևեր, մենք չէինք կարող պետություն ունենալ: Երկրորդ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք էլի ունեինք պետական համակարգեր և ձևավորեցինք 3-րդ Հանրապետությունը: Սա նշանակում է, որ մեր ժողովուրդը գրեթե միշտ ունեցել է պետական մտածողություն: Այլ հարց է, որ պետություն ունենալու դեպքում մեր ժողովուրդը, երբեմն, այն համեմատության մեջ է դրել իշխանության հետ, և չի կատարել երբեմն պետականամետ քայլեր, քանի որ չի կարողացել պետությունը և իշխանությունը տարանջատել: Ցավոք, նման զանգված կա: Մյուս խնդիրը, որ ասում է՝ ապրել ենք բռնատիրությունների համակարգում, դրա համար չենք սիրել պետությունը, մենք որքան էլ ապրել ենք՝ և՛ Ցարական Ռուսաստանի, և՛ Պարսկաստանի, և՛ Օսմանյան կայսրության պետական համակարգերում, մենք մեր պետական համակարգերը՝ ի դեմս եկեղեցու, կուսակցությունների, կազմակերպությունների, ունեցել ենք: Եվ ամենակարևոր բանը, որ ունեցել է մեր ժողովուրդը, դա անկախ պետություն ունենալու գաղափարն է: Եթե դա չունենար, հետևաբար՝ այսօր ՀՀ-ն կլիներ որևէ երկրի կազմում, տարածքում: Ըստ այդմ՝ համաձայն չեմ, որ ժողովուրդը չունի պետական մտածողություն»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ 1771-ին՝ ի դեմս Մադրասի խմբակի, Հայաստանի տարածքից դուրս փորձել ենք ստեղծել պետական համակարգ, պետական համակարգի մոդել, ստեղծել ենք ապագա սահմանադրություն:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ համավարակի համատեքստում ժողովուրդը լուրջ չի վերաբերվում պետական ինստիտուտներին, Գևորգ Մելքոնյանը շեշտեց, որ պետական ինստիտուտների աշխատանքն է հանգեցրել նման անլուրջ մոտեցման:
«Պետական ինստիտուտներն իրենք պիտի անեն ամեն ինչ, որ իրենց լուրջ ընդունեն»,- ընդգծեց պատմաբանը: