«Ադրբեջանի կողմից փորձ է արվում սեպ խրել հայ-իրանական հարաբերությունների մեջ». Իրանագետ

Հունիսի 12-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևին: Հանդիպումից հետո կողմերի տարածած հայտարարությունները եղել են հակասական: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի դեսպանն իր անվերապահ աջակցությունն է հայտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մինչդեռ Իրանի դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին էլ մի խումբ իրանցի ուսանողներ հավաքվել էին Թեհրանում ՀՀ դեպանության առջև, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել առ այն, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է դեսպանատուն բացել Իսրայելում: Հավաքվածներն այրել էին Իսրայելի դրոշը և ՀՀ իշխանություններին կոչ արել վերանայել դեսպանատուն բացելու իրենց որոշումը:

168.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադառնալով Բաքվում Իրանի դեսպանի և Գյանջալիևի հանդիպմանը, որը տեղի ունեցավ իրանցի ուսանողների բողոքի ակցիայից գրեթե անմիջապես հետո, նշեց, որ զուտ  ժամանակային առումով այս երկու իրադարձությունները գրեթե համընկնում են:

«Կարծում եմ՝ սա հերթական քարոզչական քայլն է Ադրբեջանի կողմից՝ Արցախի հակամարտության ուղղությամբ, խնդիրը պետք է հենց այս համատեքստում դիտարկել: Այդ կազմակերպությունը՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» ՀԿ-ն,  ըստ էության ակտիվ գործունեության անցավ այն շրջանում, երբ հայկական կողմն անընդհատ հայտարարում էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ: Ադրբեջանն անընդհատ հայտարարում էր, որ դա իր համար անընդունելի է, և առաջարկում էր այդ պարագայում բանակցություններին մասնակից դարձնել նաև այդ «համայնքին», ինչը, բնականաբար, որևէ կերպ չէր կարող ընդունելի լինել հայկական կողմի համար: Այս առումով բացարձակապես համեմատելի չեն, մի կողմում՝ ունենք կայացած պետություն՝ Արցախի Հանրապետությունը, իսկ մյուս կողմում՝ ինչ-որ հասարակական կազմակերպություն: Քարոզչական քայլ լինելու և ապատեղեկատվություն տարածելու ապացույցներից մեկն էլ այն է, որ երկու կողմերը տարբեր հայտարարություն են տարածել»,- նշեց իրանագետը:

Նա ընդգծեց, որ «ԼՂ ադրբեջանցիների համայնք» ՀԿ-ն սկսեց ակտիվ գործել անգամ այն բանից հետո, երբ համեմատաբար քիչ է խոսվում բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին: Կազմակերպության ղեկավարը հանդիպումներ է ունենում տարբեր դեսպանատների ներկայացուցիչների հետ, բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, և Իրանի դեսպանի հետ հանդիպումն էլ այդ շարքից էր: Ինչը, բնականաբար, հայկական կողմի համար ցանկալի չէր:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ այս հանդիպմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ ուղերձ է հղել Հայաստանին, Արտյոմ Տոնոյանը պատասխանեց, որ, եթե ուղերձի մասին խոսելու լինենք, ապա ուղերձ էր, թերևս, Իրանում ՀՀ դեսպանության առջև Իսրայելի դրոշի այրումը:

«Որևէ հակահայ հայտարարություն չի հնչել, հակահայկական գործողություններ չեն եղել, միայն Իսրայելի դրոշն են այրել՝ ցույց տալով, որ որոշակի խնդիրներ կողմերի միջև, այդ հարցի հետ կապված, այդուհանդերձ, մնում են բաց: Կամ Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման հեռանկարից դժգոհ են իրանական որոշակի շրջանակներ, անգամ, եթե չասենք՝ Իրանի գործող կառավարությունը, քանի որ այն բազմաշերտ երկիր է: Չեմ կարող միանշանակ ասել, թե տեղի ունեցածը մտնում է այդ շարքի մեջ և հավասարապես պետք է դիտարկել՝ որպես ուղերձ: Կրկնում եմ՝ գործ ունենք տարբեր շերտերի հետ, եթե դեսպանատան մոտ իրականացրած գործողության դեպքում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի կոմից հրահանգված գործողության  հետ, ապա երկրորդ դեպքում գործ ունենք Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող կառույցի հետ: Այսինքն՝ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատան հետ, որն ըստ էության ներկայացնում է մեկ այլ շերտ՝ Արտաքին գործերի նախարարությանը, որի գործունեությունն էլ համակարգում է ԻԻՀ կառավարությունը՝ Հասան Ռուանիի թիմը»,- հավելեց նա:

Արտյոմ Տոնոյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք այդ երկու գործողությունները փոխկապակցված են, թե՞ ոչ, սակայն տեղի ունեցածը ցանկալի չէ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի տեսանկյունից:

Նրա կարծիքով՝ իրանցի դեսպանի և ադրբեջանցի պատգամավորի հանդիպումը դժվար թե այլ զարգացում ունենա, քանի որ այն արվել էր զուտ տեղեկատվական քարոզչության համար՝ թիրախ ունենալով Հայաստանի և Արցախի բնակչությանը, և մյուս կողմից էլ՝ ադրբեջանական հասարակությանը ցույց տալու համար, թե ինչպիսի ակտիվ գործողություններ են իրականացնում Արցախի հակամարտության ուղղությամբ:

«Վերջին շրջանում Ադրբեջանում բավականին հետաքրքիր խոսույթ կա՝ Արցախի հակամարտության հետ կապված: Շուշիում տեղի ունեցած Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը չափազանց զգայուն է ընկալվել Ադրբեջանի հասարակության կողմից: Կան ընդդիմադիր որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են հանրային այդ զգայունությունը՝ Ալիևի վարկանիշը նվազեցնելու, և այդ հանգամանքը նրա դեմ օգտագործում են՝ որպես հակաքարոզչություն: Շատ զգայուն է նաև երրորդ ճանապարհի խնդիրը՝ Հայաստանն Արցախի հետ կապող, այդ համատեքստում տվյալ շրջանակները շատ ակտիվ աշխատում են հակաալիևյան քարոզչության առումով: Հակառակ թիմը՝ Ալիևի կողմը փորձում է նման քայլերով ցույց տալ, որ իրենք ակտիվ աշխատում են միջազգային կառույցների, հարևան երկրների դեսպանատների հետ և իրենց եզրաբանությամբ լուրջ քայլեր են իրականացնում: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից փորձ է արվում սեպ խրել հայ-իրանական հարաբերությունների մեջ, սա ո՛չ առաջին դեպքն է, ու ո՛չ էլ լինելու է վերջինը»,- նշեց նա:

Արտյոմ Տոնոյանը միաժամանակ  ընդգծեց, որ Ալիևի իշխանությունը վերջին երկու ամիսների ընթացքում կազմակերպված մեկ այլ տեղեկատվական գրոհի թիրախում էր: Հայտնի է, որ Արաքս գետի վրա Արցախն Իրանի հետ կապող կամուրջների թեման է դարձել քննարկվող։ Ալիևի ընդդիմադիրներն ընդգծում են, որ իրանական կողմն այդ կամուրջների կառուցմամբ ցանկանում է Արցախի հետ որոշակի տնտեսական ծրագրեր իրականացնել։ Բացի այդ՝ ընդհանուր առմամբ ադրբեջանական հանրության շոշափելի մի հատվածի մոտ կա տիրապետող կարծիք, որ Իրանն ամեն ինչ անում է ընդդեմ Ադրբեջանի և ազատ համագործակցում է հայկական երկու պետությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս