Քաղաքական օլիմպոսից՝ կատարյալ ջախջախում

Ապացուցված է այն ճշմարտությունը, որ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանակիրների հակասական դրսևորումներից ու հայտարարություններից։ Փաստ է այն, որ պետության ղեկավարը պարտավոր է՝ իր գործողություններում լինի հստակ, այլ ոչ թե զբաղվի փարիսեցիությամբ կամ ամենօրյա ռեժիմով հակասի ինքն իրեն։ Այն, ինչ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում, չի համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ տրամագծորեն հակառակ կիրառելիություն է դրսևորում։

Իշխանության գալուց հետո պարզ դարձավ, որ Փաշինյանի այն հնչեցրած թեզերը, թե՝ «ոչ մի քաղաքական հետապնդումներ ու վենդետաներ չեն լինելու», ընդամենը դեմագոգիկ հայտարարություններ էին, քանի որ արդեն երկու տարի է՝ Փաշինյանը բացահայտ զբաղված է քաղաքական հակառակորդների վրա քրեական գործեր սարքելով և իր համար թիվ մեկ թիրախ հանդիսացող ու վտանգ ներկայացնող անձանց նկատմամբ տոտալ գրոհներ կազմակերպելով՝ և՛ իրական, և՛ վիրտուալ կյանքում։

Փաշինյանի համար վերջին օրերին կարևոր է դարձել ընդդիմության կոնսոլիդացիայի հարցը, և նա փորձում է ամեն ինչ անել դաշտում պառակտման ֆոն ապահովելու համար։ Դրանով են պայմանավորված Միքայել Մինասյանի, Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բացահայտ քաղաքական ճնշումներն ու մարդկանց արհեստական կաղապարելու դրսևորումները։

Իշխանությունների հույսն այն չէ, որ իրենք կարող են այլևս լինել համախմբող ուժ, այլ այն, որ ընդդիմադիրների մոտ իշխանության գալու շահադիտական նպատակները գերակա կլինեն երկրի զարգացման նպատակներից։ Ընդդիմադիրներին թիրախավորելու այս էժան տակտիկան քաղաքական իրականության մեջ ընդունված գործելաոճ է, երբ իշխանությունները փորձում են նույն սեկտորում համախմբման հնարավոր բոլոր տարբերակները «բլոկելուց» առաջ՝ միմյանց նկատմամբ ատելության որոշակի գեներացիա և սեպարատ մթնոլորտ ապահովել։

Շատերի համար զարմանալիորեն՝ իշխանության ներկայացուցիչները շարունակում են անընդհատ խոսել ժողովրդի անունից՝ պնդելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի քննադատել իշխանություններին և դժգոհել կառավարության գործունեությունից, անգամ պահանջել կառավարության և վարչապետի հրաժարականը, սակայն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դեպքում այդ քննադատությունն այդքան էական նշանակություն չունի, քանզի Փաշինյանը «պայմանագիր է կնքել ժողովրդի հետ, և ժողովուրդն է լիազորել նրան այդ պաշտոնին»։

Այս պնդումը, պոպուլիզմից բացի, այլ որակում չունի, քանի որ նման դատարկաբանություններ ու անբովանդակ հայտարարություններ մենք լսում ենք  ամբողջ երկու տարի։ Իշխանության թիմում չեն գիտակցում, որ նմանօրինակ պրիմիտիվ մանիպուլյացիաների ու մանևրների փուլն արդեն անցել է, իսկ իրենք տապալել են ողջ պետական կառավարումը։

Ի՞նչ ունենք իրականում։

Նախօրեին տեղի ունեցած հրաժարականներին ու վերանշանակումներին զուգահեռ՝ պարետատան ամենօրյա հերթական ասուլիսի ժամանակ Նիկոլը դրսևորեց իր հերթական ոչ ադեկվատ ցնցումը՝ դարձյալ օգտագործելով պետության ղեկավարին ոչ հարիր խոսքեր։ Նա դարձյալ ագրեսիվ տոնով խոսեց դավադրությունների, ոչ մի կերպ չապացուցված ու  չբացատրվող սաբոտաժի մասին հերթական լեգենդով և դարձյալ ակնարկեց «որոշ քաղաքական ուժերի ու գործիչների՝ պատմության աղբանոցը նետելու» կարևորության մասին։

Դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս, որ Փաշինյանը շարունակում է մնալ ընդդիմադիր կերպար և ոչ մի հատկանիշ չունի, որը բնորոշ է երկրի ղեկավարին։ Նա, անիմաստ քննադատություններից բացի, երկու տարվա ընթացքում չկարողացավ ոչ մի էական քայլ կատարել, ինչը խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է քննադատությունից և դրանից ընկնում է դեպրեսիայի մեջ։

Բացի «օդում կախված» պնդումներից ու կոնսպիրոլոգիական միֆերից՝ Փաշինյանը երկու տարվա ընթացքում իր ընտրազանգվածին ոչինչ չտվեց․ շարքային Պողոսին  սկզբի համար դա բավարար էր, իսկ արդեն ներկա փուլում Փաշինյանն ու իր կառավարությունը գիտակցում են, որ գտնվում են քաղաքական կոլապսի մեջ։

Փաշինյանն ակնհայտ մոլորության մեջ է և չի գիտակցում իր քայլերի ու արված հայտարարությունների բովանդակությունն ու հաջորդականությունը, ինչն իր հերթին՝ վկայում է, որ, ձախողված լինելուց բացի, նա նաև ամբողջովին քաղաքականապես ջախջախված է․ Նիկոլ Փաշինյանի հեռանալն առաջինը կենսական նշանակություն ունի պետության համար։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս