«Վաղվա դուրս գրվողների թիվը մեծ է լինելու, նրանց մեծ մասը 14-օրյա ինքնամեկուսացումն ավարտածներն են». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր և երեկ գրանցված կորոնավիրուսով վարակակիրների ցածր և առողջացածների բարձր թվերին: Նրա խոսքով՝ առողջացածների մեծ թվերը պայմանավորված չեն հիվանդանոցներից դուրսգրումներով: Այսօր կորոնավիրուսով վարակման 350 դեպք է գրանցվել, առողջացածների թիվը 352 է:
«Մայիսի կեսերին որոշեցինք՝ այն քաղաքացիներին, որոնք սիմպտոմներ չունեն, կամ թեթև սիմպտոմներ ունեն, տեղափոխել տնային խնամքի: Այդ պահին, մոտ 1000 հոգի դուրս գրվելով, համակարգում չնշվեցին՝ որպես առողջացածներ, գնացին 14-օրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որ տնային մեկուսացումից հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեն բուժված: Այս ամբողջ ընթացքում մենք բուժված համարում էինք միայն այն քաղաքացիներին, ովքեր դուրս էին գրվում անմիջապես հիվանդանոցից՝ կրկնակի բացասական թեստավորումով: 14 օրը մոտենալուն զուգընթաց՝ առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են 14 օրվա ավարտը և առողջացած լինելու հանգամանքը: Նույնը լինում է նոր գրանցված դեպքերի հետ, որոնք չեն ընդունվում հիվանդանոցային համակարգ: Սա ասում եմ, որ պատրաստ լինենք վաղվա բուժվածների թվին, դա մի քանի անգամ ավելի մեծ է լինելու, քան այսօրվանը: Դրանք այն հիվանդներն են, որոնք արդեն տանն են, որոնք պարզապես դրական ախտորոշում են ունեցել, 14 օրը լրանալուն պես նրանց ֆիքսում ենք՝ որպես բուժված: Նրանց մեջ, իհարկե, կան մարդիկ, որոնք երկար ու ծանր բուժումից հետո հիվանդանոցից դուրս են գրվում: Այլ տարբերակ պարզապես չունենք այս թիվը ֆիքսելու, որովհետև տնային բուժվածներին երկրորդ թեստավորում չենք անում»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս թվերի մասին հետևություններ անելիս պետք է հասկանալ, որ սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունք է, այլ ոչ թե՝ համաճարակի ճեղքման կամ բուժական գործընթացի:
«Սա ասում եմ, որ զգոնությունը չկորցնենք, չպետք է թուլանալ ցածր թվերից: Երեկվա 195-ի մասով ասել եմ, որ քիչ թեստավորում է եղել, հետևաբար՝ քիչ դրական է արձանագրվել, և երեկ, փաստացի կարելի է ասել, որ լաբորատորիայի վերագործարկման առաջին օրն էր, պետք է հետևողական լինել մի քանի օրերի արդյունքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը դեռ երկար պետք է մնա վարակի զսպումը, իսկ կանոնները պահելուց զատ՝ գրեթե ոչ մի կերպ հնարավոր չէ դա անել: Այս տրիվիալ հնչող և հոգնեցնող կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն չլարված մթնոլորտում ապրել, մինչև վարակն ամբողջությամբ նահանջի, կամ ունենանք պատվաստանյութ, կամ սպեցիֆիկ դեղորայքային բուժում»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը նաև նշեց, որ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը մեծ է, բայց ծավալումների շնորհիվ կարողանում են դեռ նրանց մասին հոգ տանել: