Ինչո՞ւ Թորոսյանն ապրիլից չի պատասխանել մանկական բուժկենտրոնի՝ Covid 19-ով հիվանդներին սպասարկելու առաջարկին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության և «Արաբկիր» բժշկական կենտրոնի (ԲԿ) համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։
«Մինչ այս «Արաբկիր» ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները»,- գրել էր նախարարը:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, սակայն, Հայաստանի լավագույն ժամանակակից մանկական բժշկական կենտրոններից մեկը՝ «Ուիգմոր Քլինիքը», դեռևս ապրիլին դիմել է ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ տեղեկացնելով, որ կարող են ներգրավվել Covid 19-ով երեխաների բուժման գործընթացում և տրամադրել թվով 33 մահճակալ՝ Covid 19-ով վարակակիր ծնողների և երեխաների համար:
Ինչպես տեղեկացանք բժշկական կենտրոնի մեր աղբյուրից՝ նախարարությունից, ի պատասխան իրենց այդ առաջարկի, հայտնել են՝
դիտարկել առաջարկը և անհրաժեշտության դեպքում՝ կապվել:
Թե ապրիլից մինչ օրս ինչո՞ւ չի դիտարկվել պատրաստի ժամանակակից կենտրոնի առաջարկը՝ պարզ չէ, բայց փաստ է, որ կորոնավիրուսով վարակված երեխաներին սպասարկելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով նախարարությունը նախընտրել է զրոյից կառուցել մոդուլային ընդունարան:
Առհասարակ, այս հարցում պետության մոտեցումները, ընտրված բժշկական կենտրոններին առաջադրվող չափորոշիչները մնում են անհայտ. 168.am-ն արդեն այս հարցով դիմել էրնախարարություն և մնացել անպատասխան:
Անհասկանալի է նաև Առողջապահության նախարարության կիրակի օրը տարածած հայտարարությունը, թե կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն, եթե մինչ այդ եղած առաջարկները մնում են անպատասխան: