«Հիմա փաստացի տեղի է ունենում մարդկանց որս հանրային վայրերում». Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մտահոգիչ է համարում արդեն չորս օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվող՝ պարետի որոշումն ու ցուցումները խախտած քաղաքացիների լուսանկարներն ու տեսանյութերը։

Խնդրին արդեն անդրադարձել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպաններ և փաստաբաններ՝ շեշտելով, որ խախտվել է մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: 168.am-ի հետ զրույցում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իհարկե կողմ է, որ պարետի սահմանած  կարգին չենթարկվելու մասին պետք է խոսել, պետք է ի ցույց դնել, որ կա այս արատավոր երևույթը, բայց դա պետք է անել՝ առանց մարդկանց թիրախավորելու  և անձնավորելու:

«Նախ՝ կարևոր է հասկանալ, որ մարդկանց հաշվին, մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հաշվին չի կարելի, կամ կարելի է, բայց խիստ բացառիկ դեպքերում և խիստ նվազ ծավալով է կարելի այլ հասարակական շահեր բավարարել: Երկու իրավունքն էլ կարևոր են: Մի դեպքում՝ հանրությանը սպառնացող վտանգն ենք կանխարգելում, համավարակն ենք կանխում, բայց մյուս դեպքում էլ՝ մենք ունենք հանրության, հասարակության անդամների անձնական կյանքի գաղտնիության շահը: Երկու կարևոր, Սահմանադրությամբ ամրագրված շահեր են: Եվ մեկը մյուսի հաշվին չպետք է տեղի ունենա: Պետք է դրանք հավասարակշռել:

Այսինքն, էլի կարելի է լուսանկարները հրապարակել, էլի կարելի է տեսագրությունները հրապարակել և հիմնական մեսիջը տալ, բայց այնպես, այն ծավալով, որպեսզի մարդկանց կյանք ներխուժում տեղի չունենա, մարդիկ ծաղրուծանակի առարկա չդառնան: Մարդկանց պետք է ապաանձնավորել, որպեսզի նրանք չնույնականացվեն, չճանաչվեն հանրության կողմից»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահի խոսքով՝ շատ մեծ վտանգ կա նաև վարչապետի կոչում, որ՝ ով որտեղ ինչ տեսնում է՝ նկարի և ուղարկի:

«Մարդիկ իրենք չգիտեն, ընդհանրապես ծանոթ չեն այս կանոններին, և հիմա փաստացի տեղի է ունենում մարդկանց որս հանրային վայրերում: Ու դու չգիտես՝ դու հիմա գտնվո՞ւմ ես տեսահսկման տակ, լուսանկարման հսկողության տակ, թե՞ չես գտնվում: Մինչդեռ այս բոլոր հարաբերությունները հստակ կարգավորված են՝ և՛ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով, և՛ այն տեսահսկման ուղեցույցով, որը մշակվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից: Եվ այստեղ հստակ ասվում է, որ մարդը, ով որ տեսանկարվում կամ լուսանկարվում է, պետք է անպայման նախապես իմանա, տեղյակ լինի այդ մասին: Սա բարեխղճության սկզբունքն է: Մարդը պետք է տեղյակ լինի, իմանա, որ իրեն տվյալ պահին լուսանկարում են կամ տեսագրում են: Դա տարրական կանոն է:

Իսկ հիմա ստացվում է, որ մարդիկ գնում են ինչ-որ հավաքների, քեֆերի, տեղում թաքուն նկարում են ու հանրայնացնում են, ընդ որում՝ համացանցում, որտեղից որևէ տվյալ ջնջելն անհնար է, ուղղակի անհնար»,- ընդգծեց  ԻԱԿ նախագահը՝ հավելելով, որ մյուս խնդիրները բխում են այս հիմնական հարցերից:

Հ.Գ. Չնայած  իրավապաշտպանների, փաստաբանների, փորձառու մասնագետների  կոչերին, ինչպես նաև  լուսանկարներում ու տեսանյութերում թիրախավորվող անձանց հասցեին հնչող մեղադրանքներին ու վիրավորանքներին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա գրառմամբ իրազեկեց, թերևս, կարելի է ասել՝ հանձնարարեց մարդկանց, որ հանրային վերահսկողության ակցիան, ինչպես ինքն է վերնագրել, շարունակելու է, «բայց՝ սիրով»:

Տեսանյութեր

Լրահոս