
«Երկրում իրավիճակը ծանր է, բայց իրավիճակը կառավարելի է՝ պետք չէ հանձնվել». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որը բնութագրվում է տարբեր բառերով, այդ թվում՝ ծանր, շատ ծանր, պատերազմական, կարծում եմ՝ այս պահին կամ նման պահերի մեզ անհրաժեշտ է հանգստություն և սթափ դատողություն: Հատկապես նման ոչ սովորական իրավիճակներում գործին որևէ օգուտ չի կարող տալ խուճապը: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ թշնամին անգամ հասնում էր քաղաքի մատույցներին, և այդ ժամանակ ամենակարևոր բանը, որը պետք էր անել, պետք էր պահպանել հանգստություն, վերլուծել, հասկանալ ու անել քայլեր: Ամեն ինչ սկսվում է իրավիճակի ճիշտ գնահատականից, այստեղ որքան վնասակար է անլրջությունը և ավելի թույլ գնահատումը, նույնքան վնասակար կլինի գույների անհարկի խտացումը»,- ասաց ԱԺ նախագահը:
Այնուհետև դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ Արարատ Միրզոյանը կոչ արեց չանել այնպիսի հայտարարություններ, որ ժամանակը կարող է գալ, և ԱԺ նիստերի դահլիճը տրամադրեն կորոնավիրուսով վարակվածներին: «Հարգելի գործընկերներ, մի արեք, նման բան մի արեք»,- հավելեց ԱԺ խոսնակը:
Արարատ Միրզոյանը նաև շեշտեց, որ վերջին շրջանում բազմիցս հայտարարել են, որ ամբողջ պատասխանատվությունն իրենցն է, և իրենք պատասխանատվությունից երբեք չեն փախչի:
«Միևնույն ժամանակ՝ հանկարծ որևէ մեկը թող չմտածի, որ մենք ասում ենք՝ պատասխանատվությունը մերն է, մնացածը գործ չունեն, մի կողմ թող քաշվեն: Մարուքյանն ասում է՝ ընդդիմությունը պետք է առաջարկներ անի, իհարկե պետք է անի, և գույների ավելորդ խտացում պետք չէ: Բոլորի կողմից էլ ճշմարիտ խոսքեր են ասվում, բայց մի փոքր տոնայնությունը, բառի շեշտադրումը փոխում է ամբողջ պատկերը: Այն մարդիկ, որոնք խոսք են ասում 10 անգամ, 11 անգամ մտածեն ամեն շեշտադրման վրա»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:
Նա ասվածին հավելեց նաև, որ Նարեկ Զեյնալյանի նախագծի հետ կապված արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ այն ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին օրենքն է, երբ բերվում է նախագիծ, իսկ քննարկումներից հետո անհրաժեշտություն են տեսնում դադար վերցնել և կրկին մտածել այդ հարցի շուրջ:
«Երկրում իրավիճակը ծանր է, 697 վարակակիր մեկ օրվա համար՝ ահագին մեծ թիվ է, բայց իրավիճակը կառավարելի է, պետք չէ հանձնվել, պետք է սթափ, հաշվարկված, հանգիստ քայլերով գնալ դեպի հաղթահարում, էլի որևէ մեկը չգիտի՝ ինչ կլինի: Այո, կգա պատասխան տալու ժամանակը, վստահ եմ, որ Կառավարությունը հանդես կգա մանրամասն զեկույցով»,- ընդգծեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանն առաջարկում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել, ըստ որի՝ մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին կտրամադրվի նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:
Սակայն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ այսօրվա նիստում Նարեկ Զեյնալյանը խորհրդարանին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, որպեսզի կարողանան որոշակի հաշվարկներ ու կանխատեսելիություն անել, նման առաջարկ է արել Կառավարությունը: