«4 ամիս է արդեն անցել, Կառավարությունը պետք է հստակ իմանար, թե քանի քաղաքացի ունի օգնության կարիք». Կարեն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի խոսքով՝ վերջին 4 ամիսների ընթացքում մեծացել է այն քաղաքացիների թիվը, որոնք ունեն պետության աջակցության կարիքը:
«Պետությունը փորձել է աջակցել այդ քաղաքացիներին, պարոն Զեյնալյանի նախագիծը փորձ էր՝ օգնելու քաղաքացիների այն խմբին, որոնք չունեն եկամտի աղբյուր, որի պատճառ է հանդիսացել այն, որ պետությունը տվյալ քաղաքացիներին ստիպել է, որպեսզի նրանք մեկուսանան: Այսինքն՝ Դուք տեսել եք խնդիր, տեսել ենք հնարավորություն քաղաքացիներին օգնելու համար և առաջարկել եք այդ նախագիծը, ինչը ողջունելի է»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նարեկ Զեյնալյանի նախագծին:
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանն այսօր խորհրդարանին առաջարկեց դեմ քվեարկել «Ժամանանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, քանի որ Կառավարությունն առաջարկել է որոշակի դադար վերցնել՝ անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար։
Նախագծով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:
Ըստ Կարեն Սիմոնյանի, որքան շատ քաղաքացիների կարողանան օգնել, այնքան շուտ կվերականգնվի երկրի տնտեսությունը, հետևաբար՝ երկրին պետք չէ սոցիալական վիճակի ավելորդ լարվածություն:
Պատգամավորը կոչ արեց նախագիծն ընդունել և ֆինանսական ու կանխատեսելիության հետ կապված հարցերը քննարկել:
«Այս իրավիճակում պետությունը պետք է արդեն իսկ իմանար այն քաղաքացիներին, որոնք մեկուսացվել են, 4 ամիս է արդեն անցել, այդ ընթացքում Կառավարությունը պետք է հստակ իմանար, թե քանի քաղաքացի ունի օգնության կարիք: 4 ամիս է անցել, մենք որևէ տեղեկատվություն չունենք, և այդ մարդկանց թիվը գնալով ավելանում է»,- եզրափակեց նա: