«Որ փուլում ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումները». Գլխավոր դատախազը՝ վարչապետի խոսնակի հայտնի գրառման հետքերով

«Ինքս չեմ անդրադառնում վարչապետի մամուլի խոսնակի ասածին, կամ այն մեկնաբանեմ, որովհետև դա իմ գործառույթը չէ: Այս պահին դեռևս չեմ ցանկանում անձնավորել, բայց կցանկանամ, որ մեր հանրությունը հետևյալն իմանա, որ այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք՝ քննության նախադեպը չունեցող ծավալներով:

Քրեական գործով նախնական քննությամբ ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև փաստական տվյալների վերլուծությունը վկայում է, որ 10, երբեմն էլ՝ 15 տարի տևական ժամանակ թաքցրած և արտոնյալ գործողություններ իրականացրած սուբյեկտներ են եղել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի օրերս կատարած գրառմանը, որը վերաբերում էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային և նրա հետ փոխկապակցված անձանց գործունեությանը:

Հիշեցնենք, որ նա մասնավորապես գրել էր, որ վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Նա նշել էր, որ  փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։

«ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ»,- նշել էր վարչապետի խոսնակը:

Նշենք, որ այս հայտարարությունը երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հարցազրույցում արդեն հերքել է:

Ըստ գլխավոր դատախազի՝ այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ 100  ֆորմալ առումով սույեկտների կողմից, և ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որոնք վկայում են, որ այդ ամբողջ գործողությունները մեկ-երկու կենտրոններից են ղեկավարված եղել:

«Որովհետև սխեման այնպիսին էր, որ այդ գործունեության հատկապես արտոնյալ հատվածը, այլ կերպ, քան կազմակերպված եղանակով, չէր կարող իրականացվել:

Սրանք նախադեպը չունեցող ծավալներ են, մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել, ամեն դեպքում, գոնե իմ հիշած ժամանակներից նման ծավալներ մենք չենք ունեցել: Այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գումարային շարժերը, ըստ էության, առերևույթ վկայում են, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի դրա բացահայտման դեպքում ստեղծվեն լրջագույն խոչընդոտներ: Խոչընդոտները հենց իրենց քողարկված եղանակներով գործունեության ծավալմամբ են պայմանավորված: Որ փուլում ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումները: Առանձին դեպքերում մենք այժմ էլ որոշակի անձանց դեպքում ունենք հետապնդումներ, ինչը վկայությունն է այն բանի, որ արդեն իսկ այդքան դրվագներով բավարար ապացուցողական հենք է ապահովվել»,- շեշտեց Գլխավոր դատախազը:

Տեսանյութեր

Լրահոս