
Եթե ես լինեի Գլխավոր դատախազը, կդիմեի ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանին մեղադրանք առաջադրելու թույլտվության համար. փաստաբան

Իմ տեղեկություններով՝ այս պահին «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ: Շուտով կտեղափոխվենք Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նյութերի նախապատրաստման, որտեղ ամեն ինչ պարզ կլինի, սակայն, որպես կանոն, եթե խոսքը վերաբերում է մարմնական վնասվածքներին, անմիջապես քրեական գործ չի հարուցվում, դեռ նյութեր պետք է նախապատրաստվեն, իսկ առայժմ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկված:
Այսօր Էրեբունի ԲԿ-ի մոտ հավաքված լրագրողներին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված կա հարուցված քրեական գործ:
Փաստաբանը նաև հավելեց, որ, եթե ինքը լիներ Գլխավոր դատախազը, ապա ստեղծված իրավիճակում անպայման կդիմեր Ազգային ժողովին, որպեսզի թույլտվություն ստանար, որ Ալեն Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի, քանի որ հիմքերը կան: