«Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա դուրսգրումը որոշ մասով կախված է խնամակալության հարցի կարգավորումից». ԲԿ մամուլի խոսնակ
Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Ինքն արդեն լավ է: Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, սակայն դեռ ընթացիկ բուժում է ստանում մեր հիվանդանոցում»,- ասաց Դերձյանը:
Մեր հարցին, թե 13-ամյա աղջիկը ե՞րբ վերջնականապես կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցից, ԲԿ-ի մամուլի խոսնակը պատասխանեց.
«Այս հարցի կարգավորման հետ կապված փոքր-ինչ խնդիրներ կան՝ կարանտինով պայմանավորված: Այդ դաշտում նորություն չկա: Չնայած այդ հարցով մենք չենք զբաղվում, բայց երբ հայտնի լինի, տեղյակ կպահենք, թե ո՞ւր կտանեն: Կարծում եմ՝ դուրս կգրվի այն ժամանակ, երբ խնամակալության հարցերը կարգավորվեն, դուրսգրումը որոշ մասով կախված է նաև դրանից»:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում 28-ամյա տղամարդը ծեծել էր 43-ամյա կնոջը և նրա 13-ամյա դստերը: Կինը մահացել էր, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան:
Տղամարդը կալանավորվել էր: Ըստ ոստիկանության՝ դեպքը կատարվել էր կենցաղային վեճի և խանդի հողի վրա։
Դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հիմքով՝ անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու համար: Ապրիլի 3-ին Նազելիին այցելության էր եկել Ռուսաստանում բնակվող եղբայրը: Նրանք իրար երկար տարիներ չէին տեսել:
Այլ հարազատներ նրան չեն այցելել: Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի որոշմամբ ծնողազուրկ դարձած քույրն և եղբայրն օրենքով սահմանված կենսաթոշակային գումար կստանան: