«Այս դժվարին օրերին պետությունը փոխանակ օգնի աղքատ, հասարակ գյուղացուն, աշխատում է հարուստին է՛լ ավելի հարստացնելու վրա»
«Փաստ» թերթի տեղեկություններով` վերջին շրջանում կառավարությունում առավել ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում գյուղատնտեսությանն առավել մեծ ուշադրություն դարձնելու, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ։
Քննարկման է դրված Գյուղնախարարությունը՝ որպես առանձին միավոր, վերականգնելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է, ու ոլորտում անհրաժեշտ են կոնկրետ կարգավորումներ։
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի դիտարկմամբ՝ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։
«ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Երկրագնդի վրա մարդկությանը սպառնում է սննդամթերքի գլոբալ սղություն (դեֆիցիտ), որն իր հետ առաջ կբերի գյուղատնտեսական արտադրանքների գների բարձրացում, սով։
Սննդամթերքի դեֆիցիտի առաջացման պատճառ են հանդիսացել՝ ինչպես կորոնավիրուսի տարածումը, այնպես էլ՝ Երկրագնդի վրա կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ջրհեղեղները, երաշտը, հորդառատ անձրևները, բուսական ծածկույթի դեգրադացիան, բնական աղետները և այլն։ Վերոնշյալից բացի, պարենամթերքի արտադրությանը մեծ վնաս են հասցնում նաև բույսերի և անտառների վնասատուները և հիվանդությունները, աֆրիկյան երկրներում ներկայումս տարածում գտած մեծաքանակ մորեխները, կենդանական և ջրային հիվանդությունները։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կանխատեսմամբ՝ 2020թ․ ապրիլ-հունիս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում սննդամթերքի սպառնալիքներ են սպասվում Աֆրիկայում, Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում, իսկ ըստ կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոյի՝ ամենավատն այն է, որ կառավարությունները կարող են սահմանափակել սննդի հոսքերը: Սննդամթերքի գլոբալ դեֆիցիտի դեմ պայքարելու համար յուրաքանչյուր երկիր պարտավոր է մտածել իր երկրի պարենային պաշտպանվածության մասին՝ ավելացնելով արտադրվող գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման 2 եղանակ կա՝ ինտենսիվ և էքստենսիվ։
«Ինտենսիվ եղանակի դեպքում գյուղատնտեսության մեջ կիրառում են ժամանակակից նոր գյուղտեխնիկա, տեխնոլոգիաներ, որոնք այսօրվա պայմաններում մեր երկրի համար հեքիաթի շարքից են։ Մասնավորապես, այսօր, երբ առաջադեմ աշխարհը գյուղատնտեսության մեջ կիրառում է հեռահար կառավարմամբ ժամանակակից նոր տեխնիկա, տեխնոլոգիաներ, փոխարենը՝ մեր երկրի գյուղերում դժբախտաբար հիմնականում օգտագործվում են խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած հնամաշ գյուղտեխնիկան և ձեռքի աշխատանքը։ Իսկ, ի հակառակ մեզ, հարևան երկրների գյուղատնտեսությունը հիմնականում համալրված է ժամանակակից նոր տեխնիկայով ու տեխնոլոգիաներով։
Էքստենսիվ եղանակի կիրառման դեպքում ավելացվում է երկրի մշակելի հողատարածքների ծավալը։ Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանը սակավահող երկիր է, որտեղ տարիներ շարունակ նախկին իշխանությունների կողմից իրականացվել է սխալ ագրարային քաղաքականություն, որի պատճառով վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, դեգրադացվել և դարձել է հետագա մշակության համար ոչ պիտանի։ Այստեղ տեղին է հիշել, որ ներկայիս իշխանությունները հեղափոխության օրերին՝ քննադատելով նախորդ իշխանություններին, խոստանում էին, որ իշխանության գալու դեպքում միջոցներ կձեռնարկեն, որպեսզի այդ չմշակվող հողերը դարձնեն մշակելի, սակայն անցել է 2 տարի, բայց իշխանությունների կողմից այս ուղղությամբ դեռևս ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
Ամենահիասթափեցնողն այն է, որ տարիներ շարունակ ես քննադատել եմ նախորդ իշխանություններին երկրում սխալ ագրարային քաղաքականություն իրականացնելու համար, և հույս ունեի, որ հեղափոխությունից հետո, վերջապես, երկրում կիրականացվի ճիշտ ագրարային քաղաքականություն, այնինչ առանց մասնագետների հետ խորհրդակցելու՝ հանկարծակի փակվեց Գյուղնախարարությունը, փակվեցին որոշ ՊՈԱԿ-ներ, տեղի ունեցավ մասնագետների ջարդ, և այսօր չունենք հստակ և խելացի մշակված գյուղատնտեսական ռազմավարական ծրագիր։ Փոխարենը՝ իրականացվում են ինչ-որ կցկտուր ծրագիր-միջոցառումներ, որոնք իրենք համարում են զարգացման ծրագրեր»,- նկատեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը։
Ինչ վերաբերում է «Խելացի գոմ», «Ինտենսիվ այգի», «Ջերմոց», «Լիզինգով գյուղտեխնիկա» և այլ ծրագրերին, ինչպես նաև 3-15 մլն դրամ 0 տոկոսով վարկերին՝ Սարգիս Սեդրակյանը նկատեց․
«Խելացի գոմ» ծրագրի ամենաէժան տարբերակն արժե 11 մլն դրամ։ Չնայած նրան, որ պետությունը ծրագրի ավարտին խոստանում է փոխհատուցում 5,5 մլն դրամի չափով, սակայն հարց է առաջանում՝ հասարակ գյուղացուն որտեղի՞ց այդքան գումար կամ գրավ, որ կարողանա օգտվել այդ ծրագրից։ Իսկ հանրապետությունում նմանատիպ հասարակ գյուղացիները կազմում են ընդհանուր գյուղացիության 80-90 տոկոսը։ Ստացվում է, որ այս դժվարին օրերին, պետությունը փոխանակ օգնի աղքատ, հասարակ գյուղացուն, աշխատում է հարուստին էլ ավելի հարստացնելու վրա։ Հետաքրքիր է, ովքե՞ր են այդ բուրժուական ծրագրեր մշակողները։
Հիշեցնեմ, մի ժամանակ նման ոգևորությամբ գովերգվում էր մեկ այլ ծրագիր՝ «Հակակարկտային ցանցեր», ավելին՝ ինչ-որ մեկի համար էլ Վանաձորում արտադրամաս հիմնեցին, սակայն որոշ ժամանակ անց երևի զգացին, որ դա ավելի շատ բուրժուական հաճույք է, մեր հասարակ գյուղացիությանը պետք չէ, և այժմ դրա մասին դադարել են խոսել։ Միակ բանը, որ, ըստ իս, կարելի է համարել դրական, դա գյուղացիներին 0 տոկոսով մինչև 1 մլն դրամ վարկի տրամադրումն է, որի անհրաժեշտության հարցը վերջերս ես բարձրացրել էի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ հանդիպման ժամանակ։ Եվ, ի ուրախություն հասարակ գյուղացիության, մի քանի օր անց այն արդեն կիրառվեց»։
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով՝ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը։
«Կորոնավիրուսի պատճառով այսօր մեր իշխանությունները հիշեցին գյուղատնտեսությանը, սակայն չգիտենք, թե կորոնավիրուսը դեռ որքան կխորանա և ինչ հետևանքներ կթողնի։ Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ մենք պատերազմող երկիր ենք և հենց այդ պատճառով էլ պետք է լուրջ զբաղվենք պարենային ապահովվածության խնդիրներով։
Այսօր մեր երկիրը սննդամթերքի առումով լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, իսկ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է նախ՝ վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը, ոլորտը վստահել փորձառուներին, մաքրել «սիրողական» մակարդակի, անփորձ, մեծամիտ և պատահական հայտնված կադրերից, երկրում մշակել և իրականացնել գյուղատնտեսության զարգացման խելացի ռազմավարություն, զարգացման ծրագրեր, երկրի և միջազգային կազմակերպությունների կողմից տրված ֆինանսական միջոցներն օգտագործել նպատակային և արդյունավետ։ Այդ ձևով միայն մենք կկարողանանք զարգացնել գյուղը և գյուղատնտեսությունը, վերացնել գյուղական աղքատությունը և արտագաղթը, ամրապնդել վստահությունը երկրի իշխանությունների նկատմամբ։ Նման մոտեցմամբ է Սինգապուրը դարձել զարգացած և հրաշալի երկիր։
Իսկ ամենանողկալին այն է, որ, երբ տարիների փորձ ունեցող մասնագետները պատրաստակամություն են հայտնում և փորձում են օգնել ներկայիս կառավարությանը, ապա ոլորտի ղեկին հայտնված նոր, անփորձ երիտասարդ կադրերը մեծամտորեն չեն ցանկանում անգամ լսել և քննարկել մասնագետների առաջարկությունները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։