«Ցավոք, երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ». նախարար
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2020թ. առաջին եռամսյակում եղել է դրական տնտեսական ակտիվություն.
«Արտահանումը եղել է զրոյից քիչ բարձր, ներմուծումը եղել է մոտ 6,2 տոկոսով կրճատված՝ նախորդ տարվա համեմատությամբ։ Տնտեսության տարբեր ոլորտներում ունենք տարբեր տնտեսական ակտիվություն, որոնք հրապարակվել են։ Բայց պետք է նկատի ունենանք, որ առաջին եռամսյակի երրորդ ամսվա երկու շաբաթն է միայն էապես կրել նոր կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցությունը: Այն փաստը, որ մենք առաջին եռամսյակում ունեցել ենք դրական տնտեսական ակտիվություն, առավելապես առաջին երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության հետևանքն էր, ինչը 2019 թվականի բարձր տնտեսական ակտիվության շարունակությունն էր»։
Նախարարն ընդգծեց. «Ցավոք, երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ, հույս ունենք, որ երրորդ եռամսյակից վերականգնումը կսկսվի։ Մենք հասկանում ենք, որ նոր պայմաններում մեծ ջանքեր պետք է գործադրվեն, որ անկախ գործունեության ոլորտից՝ կազմակերպությունները կարողանան վերագտնել իրենց գործունեության բնականոն եղանակը, որը պետք է լինի նոր իրավիճակին հարմարեցված վարքագիծ։ Կլինեն դժվարություններ, յուրաքանչյուր դեպքում մենք կփորձենք հասկանալ, թե կազմակերպությունները հատկապես որ հարցերում աջակցության կարիք ունեն, և անել այնպես, որ այդ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին ունենանք կառավարության հնարավոր աջակցությունը»։