«Այս պահին ոստիկանապետի հրաժարականի հարց չեմ տեսնում». Արմեն Խաչատրյանը՝ Նորատուսի դեպքերի մասին

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, հարձակվողների թիվը եղել է մի քանի հարյուր, սա կոնկրետ քննությամբ կպարզվի: Այս հանցագործությունը ծնող պատճառների վերաբերյալ պատասխանը կտա քննությունը, հետագայում պարզ կդառնա, թե ինչի հետևանքով է առաջացել, ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել, և այլն»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե երեկ Նորատուսում տեղի ունեցած միջադեպն ինչի՞ հետևանք է և ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:

Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող ապատեղեկատվությանը, թե հիվանդանոցում մարդ չի մահացել, Արմեն Խաչատրյանը նշեց, որ համաձայն է այն կարծիքների հետ, որ ոստիկանությունը պետք է առավել թափանցիկ աշխատի, սակայն, միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնել գործի նախաքննության շահերը և հետագա զարգացումների կանխելը:

«Կարծում եմ՝ ոստիկանության լրատվության պասիվությունը նաև դրանով էր պայմանավորված, որպեսզի նոր զոհեր կամ վիրավորներ չլինեն, բախումներ չլինեն: Այս առումով ոստիկանությունն օպերատիվ, տակտիկական միջոցառումներ է ձեռնարկել, նաև լրատվական դաշտում, գուցե անհրաժեշտություն չի եղել լուսաբանել և ամբողջական տեղեկատվություն տրամադրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հիվանդանոց ներխուժած անձանց գործողությունների հետևանքով մարդ չի մահացել, որևէ մեկը չի մահացել, ուստի կհորդորեմ լրատվամիջոցներին՝ ապատեղեկատվություն չտարածեն»,- ասաց նա:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ ոստիկանապետը եղել է դեպքի վայրում, մինչդեռ շատերը տարածել են, որ նա եղել է հիվանդանոցում:

«Ոստիկանապետի լինել-չլինելու հարցն այդքան չեմ կարևորում, եթե լիներ հիվանդանոցում, գուցե կրկին ոչինչ չփոխվեր, որովհետև մեկ հոգի ավել, պակաս՝ գուցե այդքան բան չփոխեր: Կարծում եմ՝ անհամաչափ ուժեր են եղել պահպանվող տարածքում՝ հիվանդանոցում, սակայն ամբոխը, որը նման գործողություն է արել, մի քանի անգամ շատ են եղել: Իմ տեղեկություններով, ոստիկանությունը բավականին լուրջ գործողություններ է իրականացրել հենց հիվանդանոցում, որի պատճառով էլ ավելի ծանր հետևանքներ տեղի չեն ունեցել»,- շեշտեց նա:

168.am-ի հարցին՝ արդյոք պե՞տք է ոստիկանապետը հրաժարական տա, քանի որ երեկվանից կարծիքներ են հնչում, որ ոստիկանապետի ներկայությամբ մարդկանց հաջողվել է ներխուժել հիվանդանոց, Արմեն Խաչատրյանը պատասխանեց.

«Նախ՝ քրեաիրավական դաշտում պատասխանատվության կենթարկվեն հանցագործություն կատարած բոլոր անձինք: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, իհարկե, այդ գնահատականը կտրվի նրանց գործողություններին, սակայն դա մեկ-երկու օրվա գործ չէ, այս պահին միայն կարող ենք բոլորիս զորակցությունը հայտնել ոստիկանությանը:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի հրաժարականին, ապա այս պահին այդ հարցը չեմ տեսնում, որովհետև դեռևս ուսումնասիրություններ չարած, գնահատականներ չտված, պրոֆեսիոնալ չի լինի գնահատականներ տալը, պետք է ամեն ինչ ամփոփվի, որպեսզի հասկանանք, թե ով որտեղ է թերացել»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս