Կառավարությունում քննարկվել են պարենային անվտանգության հարցեր. աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի, կիրականացվի սոցիալ-բնապահպանական ծրագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։ Ապա ներկայացվել են հաստատված որոշ միջոցառումների լրամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, հնարավորություն կտան ընդլայնել տնտեսական և սոցիալական օժանդակության շահառուների շրջանակը։ Վարչապետը հանձնարարել է նախագծային տեսքի բերել դրանք և ներկայացնել կառավարության հաստատմանը։
Քննարկվել եննաև ՀՀ պարենային անվտանգությանը և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել աշնանացանի համար ֆերմերային տնտեսություններին ցորենի որակյալ սերմացուի մատակարարման գործընթացի կազմակերպմանը, հնարավոր օժանդակության նպատակներին և գործիքակազմին։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։
Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ պետությունը հետաքրքրված է այնպիսի ծրագրի իրականացմամբ և այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք, բացի շուկայի ինքնաբավությունն ապահովելուց, նաև կփոխեն հացահատիկի մշակման մշակույթը Հայաստանում։ Կառավարության ղեկավարն այս համատեքստում հետաքրքրական է համարել Արցախի հետ փորձի փոխանակումը և հանձնարարել շարունակել ծրագրի մշակման աշխատանքները։
Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել սոցիալական աջակցության բաղադրիչով բնապահպանական միջոցառումներ իրականացնելու գաղափարը, այն է՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց աջակցության տրամադրում։ Արծարծվել են ծրագրի իմպլեմենտացիոն շղթային, մուլտիպլիկատիվ էֆեկտին, մոնիթորինգին վերաբերող և այլ հարցեր։ Գաղափարն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։
Կարևորելով նման ծրագրի իրականացումը, որն ունի և՛ բնապահպանական, և՛ սոցիալական բաղադրիչ՝ վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մշտադիտարկման գործիքակազմով պետք է ապահովել ծրագրի հաշվետվողականությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել առաջարկը քննարկման արդյունքներով և ներկայացնել հաստատման։