Բաժիններ՝

«Յուրաքանչյուր փոխառու միջոց պետք է վերադարձելի լինի». սև ցուցակներում ներառվածները չեն օգտվի վարկային ծրագրերից. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կառավարության տնտեսական աջակցության 3-րդ ծրագրի համար 1200 դիմում կա. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Նրա խոսքով՝ այդքանից արդեն հաստատվել է 461-ը՝ 5.2 մլրդ արժեքով: Մոտ 500 հայտ էլ դեռ ընթացքի մեջ է: Այս ծրագրով աջակցություն կստանան այն ՓՄՁ-ները, որոնց 2019-ի շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ: Նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ 3-րդ ծրագրի պայմանները, կախված ստացված դիմումներից, փոփոխվել են: Ի սկզբանե յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է ավելի պակաս լիներ, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, շահառու ոլորտները ևս ավելացել են:

«3-րդ ծրագրի շահառու ոլորտները համալրվել են. նախադպրոցական կրթություն ՝ մասնավոր մանկապարտեզներ, սպորտի ոլորտում գործունեություն՝ սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճություների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն՝ բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետային ակումբների, շենքերի շինարարություն, մասնավոր շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն: Ինչ վերաբերում է եռամսյակի շրջանառությանը՝ ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից պակաս չլինելուն. տուրիստական և սեզոնային աշխատանքների ոլորտներն այս ֆիլտրի պատճառով դուրս էին մնում ծրագրից: Փոխել ենք այս ֆիլտրը, հիմա եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը»,- ասաց Նաիրա Մարգարյանը:

Փոխնախարարի պնդմամբ՝ հին պայմաններին չհամապատասխանողները նոր դիմումներ լրացնելու կարիք չունեն: Արդեն լրացված դիմումները վերանայվում են, ՓՄՁ ներկայացուցիչները տեղեկացվում են, եթե իրենք արդեն շահառու են: Վարկային և հարկային բարվոք պատմությունը մնացել է՝ որպես հիմնական պայման, սակայն այս ֆիլտը ևս փոփոխության ենթարկվել է, ասաց փոխնախարար Մարգարյանը՝ շարունակելով.

«Կա պայման, որ շահառուն նախորդ 365 օրերի ընթացքում չպետք է հարկերի բռնագանձման վարույթ ունենա: Մի շարք ընկերություններ տեխնիկական պատճառներով ունեցել են նման վարույթներ: Հիմա, եթե կազմակերպությունը չի բավարարում այս պայմանին, բայց տնտեսվարողը դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա ևս կարող է մասնակցել ծրագրին, սակայն պետք է վճարի վարկի տրամադրման վճար՝ 1 տոկոս: Վարկը տրվում է 36 ամիս ժամկետով, որից առաջին 6 ամիսը վարկային մարում չի նախատեսում, առաջին 24 ամիսը պարտավորությունը 0 տոկոս տոկոսադրույքով է, իսկ վերջին մեկ տարին՝ 12 տոկոսով: Գումարները չեն տրամադրվում կանխիկ»:

Սև ցուցակներում ներառվածները չեն կարողանա օգտվել վարկային ծրագրերից: Փոխնախարարի խոսքով՝ նման տնտեսվարողների պարագայում Կառավարությունը երաշխիքներ չունի.

«Յուրաքանչյուր փոխառու միջոց պետք է վերադարձելի լինի, սրանք հանրային միջոցներից են տրամադրվում, պետք է հնարավորինս վստահ լինենք, որ դրանք կվերադարձվեն»:

Ծրագրերին դիմելու համար վերջնաժամկետներ սահմանված չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս