«Այդ հայտարարությունը պետք էր ընդամենն իր ընկնող հեղինակությունը բարձրացնելու համար, սրանք էժանագին տեխնոլոգիաներ, տրյուկներ են, որոնք ինչ-որ լուրջ հետևանքներ չեն ունենա». Քաղտեխնոլոգ
«Նախ՝ իշխանության գալուց հետո կառավարիչները պետք է որոշեին, թե ինչ երկիր են ուզում կառուցել, պետք է ունենային երկրի զարգացման հիմնական վեկտորը և դրանից բխող հայեցակարգ: Պետք է նաև պատկերացում ունենային, թե այդ հայեցակարգերի համար ինչպիսի կադրեր են պետք և ինչպիսի կադրեր են անհրաժեշտ դեպի զարգացման վեկտորի ուղղությամբ շարժվելու համար: Եթե չգիտեն՝ այդ վեկտորը որն է, ինչ ուղղությամբ են ուզում երկիրը տանել, ապա պարզ է՝ չեն իմանա, թե իրենց ինչ կադրեր են պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ պետական համակարգում աշխատում են մարդիկ, որոնք երրորդ նախագահի «մնացորդներն» են և որոնք պետք է դուրս շպրտվեն համակարգից:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ երկու տարվա ընթացքում վարչապետն ընդամենը ցույց է տվել, որ իրեն անհրաժեշտ են այն կադրերը, որոնք իրեն 100 տոկոսով կենթարկվեն, քանի որ չունի երկրի զարգացման վեկտոր և չի կարող ասել, թե, օրինակ, 5-10 տարի հետո երկիրն ինչպիսի տնտեսություն պետք է ունենա, արտաքին քաղաքական ոլորտում ինչ տեղ պետք է զբաղեցնի, և այլն: Այս ամենը նախանշելու փոխարեն, ըստ Ա. Բադալյանի՝ վարչապետը շատ լավ գիտի՝ կառավարման ինչպիսի համակարգ է իրեն անհրաժեշտ, որը սուպերվարչապետական համակարգն է, ինչը ենթադրում է՝ իրեն ենթարկեցնել բոլոր բնագավառներին, բոլոր ճյուղերի կադրերին:
«Վարչապետն օգտագործում է սուպերվարչապետության, կամ, կարող ենք ասել, ավտորիտար համակարգը, որի պարագայում չի հանդուրժում իր այն կադրերին, որոնք 100 տոկոսով իրեն չեն ենթարկվում: Հայաստանում նման քիչ մարմիններ են մնացել, կարող եմ ասել՝ Սահմանադրական դատարանն է և մի քանի դատավորներ, որոնք վարչապետին չեն ենթարկվում, թերևս, սա է պատճառը, որ նա ձգտում է դրանք փոխել: Չնայած դատական համակարգը պետական կառավարում չէ, այդուհանդերձ նա ձգտում է դատական համակարգից հեռացնել չենթարկվող կադրերին և նրանց փոխարինել իրեն ենթակա կադրերով»,- շեշտեց նա:
Արմեն Բադալյանի կարծիքով՝ վարչապետը խոսում է Սերժ Սարգսյանի կադրերից այն դեպքում, երբ նրան ոչինչ չէր խանգարում երկու տարվա ընթացքում ազատել, օրինակ, Գլխավոր դատախազին, քանի որ նա Երրորդ նախագահի ժամանակ է աշխատել, նույնը վերաբերում է նաև Պաշտպանության նախարարին և այլոց:
«Ինչպես վարչապետն է ասում՝ «վնգստացող» դատավորները համակարգում մնացել են երկու տարի, քանի որ այժմ էլ իր համար են «վնգստում», այսինքն՝ վարչապետի բառապաշարով ասած՝ Սերժ Սարգսյանի «մնացորդներին» դուրս շպրտելու հետ կապված հայտարարությունը պետք էր ընդամենն իր ընկնող հեղինակությունը բարձրացնելու համար, սրանք էժանագին տեխնոլոգիաներ, տրյուկներ են, որոնք ինչ-որ լուրջ հետևանքներ չեն ունենա»,- շեշտեց նա:
Քաղտեխնոլոգը նաև հավելեց, որ, եթե վարչապետը երկրի կառավարման գործում հաջողություններ չունենա, չնայած այդ ձախողումն արդեն հայտնի է, ապա այդ ամենը կարելի է պատճառաբանել Սերժ Սարգսյանից մնացած կադրերով:
«Վարչապետը կփորձի հայտարարել, որ այդ կադրերն են սաբոտաժ արել, ձախողել և այլն, դրա առաջին փորձը նա արեց, երբ Հայաստանի քաղավիացիան Եվրոպայի հետ խնդիրներ ունեցավ, նա ասաց, որ նախկինից մնացած կադրերն են սաբոտաժ արել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի «մնացորդներ» արտահայտությունը նա օգտագործում է նրա համար, որպեսզի իր չարածը բարդի նրանց վրա, սա մանիպուլյացիոն տեխնոլոգիա է, որն արդեն շատ քիչ մարդկանց մոտ է աշխատում»,- ընդգծեց նա:
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ եթե այժմ վարչապետն ազատվի նախկինից մնացած կադրերից, ապա նրանց փոխարինելու նոր կադրեր ունի, քանի որ նրան անհրաժեշտ են այնպիսի կադրեր, որոնք ցանկացած հարցում կենթարկվեն իրեն:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր շուրջ ունի քծնողների մեծ բանակ և կարող է նրանցից նշանակել այս կամ այն պաշտոնին, հատկապես, որ կան մարդիկ, որոնք հանուն պաշտոնի կարող են ոտնահարել իրենց սեփական արժանապատվությունը:
«Սկզբունքը սա է՝ մարդը ենթարկվում է վարչապետին և նրա բոլոր ասածներն անխտիր կատարում է և ստանում է պաշտոն, նման մարդիկ շատ կգտնվեն»,- եզրափակեց նա